Հայաստանի Հանրապետության ներկա իշխանությունը, ինչպես երեւում է, իր ձախողումների համար գլխավոր մեղավոր է «նշանակել» լրատվամիջոցներին ու տոտալ հարձակում է սկսել խոսքի եւ տեղեկատվության ազատության վրա։
Նախ՝ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրվեցին ըստ էության արգելքներ նախատեսող անմիտ նախագծեր, հետո նույն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ զրպարտության ու վիրավորանքի համար փոխհատուցումների չափը բազմապատիկ ավելացնելու նախագիծը, ապա՝ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տարածեց Սյունիքում որոշ խնդիրների լուսաբանումը խոչընդոտող հայտարարություն, իսկ բոլորովին վերջերս էլ ՀՀ դատախազությունը պաշտոնյաներին վիրավորելու եւ զրպարտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ ներկայացրեց։
Տողերիս հեղինակը վերոհիշյալ նախագծերից մի քանիսին անդրադարձել է՝ ցույց տալով դրանց անհեթեթությունն ու անիմաստությունը։ Լրագրողական կազմակերպություններն են հայտարարություն տարածել դրանց վերաբերյալ։ Սակայն իշխող ուժն ընդամենը ծույլ-ծույլ արձագանքում է բոլոր այդ քննադատություններին եւ, ինչպես ասում են, «շարունակում է իր էշը քշել»։
Նախ՝ ԱԱԾ-ի հայտարարության մասին մի երկու խոսք ասեմ, թեպետ կարծես ամեն ինչ ասված է։ Ահա այդ հայտարարության տեքստն ամբողջությամբ.
«Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ստեղծված օպերատիվ իրավիճակով եւ անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաեւ հիմք ընդունելով Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով ԶԼՄ ներկայացուցիչները պետք է ունենան ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում նաեւ էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ»:
Իմ համեստ կարծիքով, այս հայտարարությունը հակասահմանադրական է։ Մեկնաբանեմ։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածը սահմանում է կարծիքի ազատ արտահայտման իրավունքը, որը ներառում է նաեւ «առանց պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության եւ անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որեւէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը»:
Սահմանադրության նույն հոդվածի 3-րդ մասը նախատեսում է, որ այդ իրավունքը «…կարող է սահմանափակվել ՄԻԱՅՆ ՕՐԵՆՔՈՎ` (ընդգծումը մերն է – Մ. Հ.) պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի եւ այլ հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով»:
Ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը օրենք չէ, իսկ բուն տեքստում էլ նշված չէ, թե ո՞ր օրենքի հիման վրա են նման սահմանափակում մտցնում։ Այսինքն՝ սահմանափակումը նախատեսված չէ օրենքով, հետեւաբար՝ հայտարարությունը հակասահմանադրական է։
Այժմ անդրադառնանք նորերս քննարկման դրված նախագծին, որով դատախազությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն նախատեսել «հանրային ծառայության մեջ գտնվող անձին» վիրավորելու կամ զրպարտելու համար։ Սա պարզ հայերենով նշանակում է՝ «չփորձեք քննադատել մեր երկրի իմաստուն ղեկավարությանն ու ժողովրդի բարօրության համար քափուքրտինք կտրած աշխատող մեր պաշտոնյաներին»։ Այսպես եմ ասում, քանզի հայտնի է, որ հատկապես պետական պաշտոններ զբաղեցնող անձինք են ամեն մի քննադատություն ընդունում իբրեւ իրենց հասցեին զրպարտություն ու վիրավորանք։ Վստահ եմ, որ այս նախագիծը շրջանառության մեջ է դրվել, քանի որ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով միշտ չէ, որ կարող են քննադատողների դեմ քաղաքացիական հայցեր ներկայացնել դատարան։
Բացատրեմ միտքս՝ համադրելով երկու փաստ.
1. դատախազության պատրաստած նախագիծը, 2. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Օբերշլիքի եւ այլ գործերի նախադեպերը, որոնց վճիռներում սեւով սպիտակի վրա գրված է.
«Ընդունելի քննադատության սահմաններն ավելի լայն են, երբ խոսքը վերաբերում է ոչ թե պարզապես մասնավոր անձի, այլ իբրեւ հանրային դեմք հանդես եկող քաղաքական գործչին: Վերջինս իր գործողություններն ու վարքը անխուսափելիորեն եւ գիտակցաբար դնում է ինչպես լրագրողների, այնպես էլ հասարակության ակնդետ վերահսկողության տակ, եւ այդ պատճառով պետք է առավել հանդուրժողականություն ցուցաբերի, եւ հատկապես` երբ ինքն է անում հրապարակային հայտարարություններ, որոնք կարող են քննադատության ենթարկվել»:
Այս երկու ստույգ փաստից կարող եմ անել գնահատող դատողություն. «Հիշյալ նախագծի հեղինակները կամ տգետ են կամ անտեղյակ միջազգային պրակտիկային»։ Այս արտահայտությունների համար Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով չեն կարող ինձ պատասխանատվության ենթարկել, որովհետեւ այդ հոդվածը (թույլ տվեք գլուխ գովեմ՝ նաեւ տողերիս հեղինակի ջանքերով) այսպիսի ձեւակերպում ունի. «Սույն օրենսգրքի իմաստով` հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում եւ իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով»:
Եվ ահա, դատախազության մտքի գիգանտները, համոզված եմ՝ կառավարության հրահանգով, մտածել են քրեականացնել պաշտոնյաներին քննադատելը (քննադատությունը «համեստորեն» անվանելով զրպարտություն եւ վիրավորանք), որպեսզի շրջանցեն Քաղաքացիական օրենսգիրքը, իրենց քննադատողներին քրեական պատասխանատվության ենթարկեն եւ այդպիսով վախի մթնոլորտ ստեղծեն։
Ստիպված եմ երկու բան ասել. նախ՝ պարոնայք եւ տիկնայք պաշտոնյաներ, ձեզ չի հաջողվելու նման նախագծով ոչնչի հասնել։ Եթե անգամ դա ընդունվի (իսկ որ կընդունվի չեմ կասկածում, որովհետեւ խորհրդարանում ունենք ութսուներեք «կոճակսեղմիչից» բաղկացած մի ամորֆ մեծամասնություն) եւ այդ հոդվածով որեւէ մեկը դատապարտվի, ապա, նկատի ունենալով նախադեպերը, Եվրոպական դատարանում Հայաստանը կրելու է հերթական խայտառակ պարտությունը։
Երկրորդ (ախր ո՞նց ասեմ հարգելի)՝ պարոնայք եւ տիկնայք, մի անգամ, կյանքում մի անգամ կոճակ սեղմելուց առաջ մտածեք, որ դուք հավերժ իշխանություն չեք, որ վաղը կարող է դառնաք ընդդիմություն, եւ ձեր իսկ ընդունած տխմար օրենքներով ձե՛զ քրեական պատասխանատվության կենթարկեն։
Եվ հիշեք, երբ դատվելու լինեք, «Ոսկե ցլիկ» ֆիլմի Պողոսի նման «Ես մեղավոր չեմ, ընկեր Նաջարյան, ինձ համոզեցին» ասելը «մեղմացուցիչ դեպք հանցանաց» չի դիտվելու։
Հ. Գ. – Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ վերջին նախագծի վերաբերյալ հայտարարություն տարածեցին նաեւ լրագրողական կազմակերպությունները։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։