Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, ասել է, որ իրենց զարմացնում է Ռուսաստանի պատվաստումային քաղաքականությունը:
«Մենք առ այսօր զարմանում ենք՝ ինչո՞ւ է Ռուսաստանը այլ երկրների միլիոնավոր չափաքանակներով պատվաստանյութ առաջարկում, երբ բավարար առաջընթաց չի գրանցել՝ սեփական բնակչությանը պատվաստելու գործում» ,-շեշտել է ֆոն դեր Լյայենը եւ հավելել, որ ակնկալում են այդ հարցի պատասխանը:
«Սպուտնիկ V» մշակողները Թվիթերում գրել են, որ Եվրոպայում վաճառելու համար անհրաժեշտ է Դեղորայքի եվրոպական գործակալության (EMA) հավանությունը, ընդ որում՝ ՌԴ-ում 2021-ի հունիսին պատվաստման գործընթացի ենթադրվող ավարտից հետո:
Այս գործընթացը հնարավոր է արագացնել՝ եվրոպական արտադրությունը ներգրավելու դեպքում: Պատվաստանյութը հասցվելու է Հունգարիա եւ այն երկրներ, որտեղ «Սպուտնիկ V»-ին հավանություն են տվել՝ նախքան EMA-ի թույլտվությունը:
«Սպուտնիկ V»-ի ներկայացուցիչները հավելել են, որ ԵՄ-ին գործընկեր են համարում եւ կցանկանային նրա հետ համագործակցել՝ հանուն քաղաքացիների պաշտպանության:
«Պատվաստանյութերը պիտի քաղաքականությունից դուրս լինեն: Հուսով ենք, որ ԵՄ-ն եւ Դեղորայքի եվրոպական գործակալությունը «Սպուտնիկ V»-ն կգնահատեն ոչ թե քաղաքական, այլ գիտական հիմքով»:
«Սպուտնիկ V»-ին հավանություն է տվել աշխարհի 29 երկիր:
EMA-ն պնդում է, որ ռուսական պատվաստանյութը դեռեւս իրենց ուսումնասիրմանը չի ներկայացվել, մինչդեռ «Սպուտնիկ V»-ի ներկայացուցիչները հակառակն են պնդում: