Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում նշվել է Մայրենի լեզվի միջազգային օրը՝ առցանց ցուցահանդեսով եւ համերգով։ Ցուցահանդեսին մասնակից 26 երկրների թվում էր նաեւ Հայաստանը։
Ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ միջոցառման բացմանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, Արեւելաեվրոպական տարածաշրջանային խմբի նախագահ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը կարեւորել է մայրենի լեզվի տեղն ու դերը եւ կենսունակության ապահովումը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության եւ փոխանցման գործընթացներում։
Մինչդեռ Թուրքիայի Ազգային ժողովի հայ պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը Ֆեյսբուքի իր էջում ահազանգել է, որ Թուրքիայում արեւմտահայերենը, ի թիվս այլ լեզուների, ոչնչացման եզրին է: «Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ մաղթում եմ, որ լեզուները եղբայրաբար ապրեն մեր երկրում»,- գրել է Փայլանը:
Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի օր հռչակելու մասին որոշումն ընդունվել է 1999 թվականին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանում։ 2005-ից այն նշվում է նաեւ Հայաստանում:
2019-ին «Հայկական տառարվեստը եւ դրա մշակութային դրսեւորումները» ձեւակերպմամբ մեր լեզուն գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։