Պատերազմի առաջին օրվա հիշողությունները մղձավանջի պես ուղեկցում են տիկին Կարինեին, հիշում է. «Վաղ առավոտյան պատրաստվում էինք նախաճաշի, ահասարսուռ պայթյուններ լսեցինք, որդիս հանգստացրեց՝ զորավարժություններ են, ձայնի ուժգնությունն այլ բան էր հուշում։ Երբ հասկացանք՝ ինչ է կատարվում, գյուղացիներով հավաքվեցինք հարեւաններից մեկի գոմում. այդտեղ ապահով էր»:
Սեպտեմբերի 28-ին Հադրութի Վարդաշատ գյուղից են եկել Հայաստան՝ երկու անչափահաս երեխայի, ամուսնու եւ սկեսուրի հետ: Եւս 175 հոգու հետ ապաստանել են Աբովյանի ադամանդի գործարանի կացարանում։ Նրանց մեծ մասը արդեն վերադարձել է Արցախ:
Կարինեն ծնունդով Կապանից է, ամուսնացել եւ երկու տասնամյակ է՝ Վարդաշատում էր ապրում. «Տունս շենացրել, երեխաներին էլ գյուղում մնալու, գյուղը ծաղկեցնելու ոգով եմ մեծացրել»:
Հադրութում տան միակ աշխատողը ամուսինն էր, քարի հանքում տրակտորիստ-մեխանիզատոր էր, ձմռան ամիսներին հանքը թեեւ չէր շահագործվում, բայց աշխատավարձի կեսը վճարում էին: Միայն աշխատավարձով ու սկեսուրի թոշակով ընտանիքը դժվարությամբ էր հացի խնդիր լուծում, բայց հողամասից ստացած բերք ու բարիքով հոգում էին իրենց ապրուստը:
«Վարդաշատի եւ առհասարակ Հադրութի շրջանի բնակլիմայական պայմանները նպաստավոր էին գյուղատնտեսական ցանկացած գործ ձեռնարկելու համար»,- ասում է տիկին Կարինեն:
Համայնքի 486,19 հեկտար տարածքի 365,74 հեկտարը գյուղատնտեսական նշանակության էր, 51,16 հեկտարը անտառային հողեր էին։ 51 տնտեսություն ունեցող գյուղում հիմնականում գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ եւ հողագործությամբ էին զբաղվում։ Հիմա ո՛չ հող ունեն, ո՛չ տուն, ապագան էլ մշուշոտ է:
Ամուսինը նյարդային ապրումներից ճնշման տատանումների պատճառով գլխուղեղի կաթված է տարել: Դիմել են Ստեփանակերտի սոցիալական ապահովության կենտրոն՝ 3-րդ կարգի հաշմանդամության թոշակ ձեւակերպելու համար: Մինչ այդ խնայողաբար օգտագործում են 300.000-ական դրամները, որը պետությունը տրամադրում է ադրբեջանական վերահսկողության տակ անցած համայնքների բնակիչներին:
Աբովյան քաղաքի ադամանդի վերամշակման գործարանում ապաստանած ընտանիքը, տնօրենության հետ նախնական պայմանավորվածության համաձայն, գարնան սկզբին պետք է դուրս գա գործարանից:
Չարենցավանում 50.000 դրամով բնակարան են վարձել։ Լսել են, որ պետությունը պարտավորվել է թեթեւացնել վարձավճարները՝ մի մասը փոխհատուցելով, բայց նախագիծը դեռ մշակման ու քննարկման փուլում է:
Գործարանն իր հարկի տակ հյուրընկալած 180 հոգու սննդի ու հիգիենայի ծախսերը մինչեւ վերջերս սեփական միջոցներով էր հոգում։ Սննդի հարցերն արդեն ընտանիքների ուսերին է, դիմել են Աբովյանի համայնքապետարան՝ սննդի փաթեթներ ստանալու համար, բայց իրենց անունները ցուցակում չեն գտել: Աբովյանի սոցիալական ապահովության պետական ծառայությունը կարիքների գնահատում է անցկացրել, խոստացել է տրամադրել հասանելիք փաթեթները:
Այսօր ընտանիքը եկամտի ոչ մի աղբյուր չունի: Եթե ժամանակին ամուսնու 100.000 աշխատավարձին գումարվում էր հողամասից ստացված միրգ ու բանջարեղենը, անասնապահությամբ էլ կաթնամթերքի ու մսի պակասն էին լրացնում, ապա այսօր ստիպված են հիմնովին փոխված միջավայրում աշխատանք փնտրել: Կարինեի դուստրը, որ Վարդաշատի հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանում էր սովորում, որոշել է կիսատ թողնել ուսումը, արհեստ սովորել ու աշխատանք գտնել Կոտայքի մարզում, մայրը դստեր որոշմանը դեմ չէ:
«Կապրենք, կաշխատենք այստեղ, մինչեւ Հադրութը մեզ վերադարձնեն»,- իր խոսքի վրա ծիծաղում է տիկին Կարինեն: Համացանցում տեսել է, որ Հադրութում ադրբեջանցիներն անխնա քանդում, այրում են տները, զանգվածային թալան է։ Այս ամենը նա կապում է տարածվող լուրերի հետ, թե Ադրբեջանը շուտով կորցնելու է Հադրութը եւ որ այն անցնելու է ռուսների վերահսկողության տակ։
«Ավերակ թե շեն, տարբերություն չկա, նորից կվերականգնեմ տունս, այգիս, վարդեր կմշակեմ, կշարունակեմ ապրել իմ հարազատ հողում»,- վերադարձի մասին մտքերը հանգիստ չեն տալիս տիկին Կարինեին: Մեկ էլ չի կարողանում մոռանալ համագյուղացի 80-ամյա Նինա Դավթյանին, որին ադրբեջանցի զինվորները դաժանաբար սպանել էին:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։