Ամերիկյան «Politico» պարբերականում Ուկրաինայի եւ Լեհաստանի ԱԳ նախարարներ Դմիտրո Կուլեբան եւ Զբիգնեւ Ռաուն համատեղ նամակ են հրապարակել եւ դիմել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով օգտագործել բոլոր լծակները՝ «Հյուսիային հոսք-2» գազամուղի շահաործումը թույլ չտալու համար:
Արտգործնախարարները նշել են, որ Ուկրաինան եւ Լեհաստանը վաղուց էին զգուշացնում «Հյուսիային հոսք-2»-ի հետ կապված վտանգի մասին:
Ըստ նրանց՝ դրանով Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից կհասնի էլ ավելի վտանգավոր աստիճանի, եւ ապագայում Մոսկվան վառելիքը որպես քաղաքական լծակ կկիրառի:
Եթե ռուսները շահագործման հանձնեն խողովակաշարը՝ Ուկրաինան կզրկվի տարանցման վճարից, որը ստանում է իր տարածքով ժամանակին կառուցված խողովակաշարերով ռուսական գազը Եվրոպա փոխադրելու համար:
Նախարարները նշել են, որ հարգում են Բեռլինի տեսակետը. Գերմանիան, որը բնավ մտադիր չէ հրաժարվել եւ հորդորում է «Հյուսիսային հոսք-2»-ը չքաղաքականացնել, գազամուղի շահագործումից հետո Ռուսաստանից տարեկան 100 միլիարդ խորանարդ մետր կապույտ վառելիք կստանա:
Գազամուղն ավելի քան 90%-ով պատրաստ է, եւ «Գազպրոմ» ընկերությունն ու նրա արեւմտյան գործընկերները հուսով են, որ այս տարի շահագործման կհանձնվի: