Այսօր վաղ առավոտյան Թբիլիսիում ձերբակալել են ընդդիմության առաջնորդին՝ Միացյալ ազգային շարժման (ՄԱՇ) ղեկավար Նիկա Մելիային, որը երեք օր փակված էր կուսակցության գրասենյակում եւ դուրս չէր գալիս։
Գրոհելով կուսակցության շենքը, օգտագործելով պղպեղի գազ եւ այլ նյութեր՝ հատուկ ջոկատայինները կոտրել են ակտիվիստների կենդանի պատնեշը, ներխուժել շենք եւ գրասենյակից դուրս բերել Մելիային։
Նիկա Մելիային կալանավորելու հարցով այսօր հայտարարություն է տարածել Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը` հորդորելով ՄԱՇ-ի գրասենյակի մոտ հավաքվածներին չխանգարել դատական որոշման իրականացմանը: Նաեւ, ՆԳՆ-ն կոչ է արել բողոքը շարունակել խաղաղ ձեւաչափով, հակառակ դեպքում՝ կարգուկանոնը խախտող ցանկացած անձ օրենքի առջեւ պատասխան կտա:
Ավելի ուշ հայտրարություն արեց իշխող «Վրացական երազանքը»՝ ասելով, որ օրենքի առաջ բոլորը հավասար են:
Վրաստանի իրավիճակը փորձագետները կապում են ռուսական ուժի ազդեցության հետ: Միջազգային հանրությունը եւս զսպվածության կոչեր է անում եւ հորդորում վտանգի տակ չդնել երկրի ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը:
Մասնավորապես անհանգստություն է հայտնել Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը՝ հաղորդագրության մեջ նշելով. «Մենք ցավում ենք, որ զսպվածության եւ երկխոսության՝ ԱՄՆ-ի եւ մյուս միջազգային գործըկերների կոչերն անտեսվեցին: Մենք անհանգստացած ենք իշխանությունների այն հռետորաբանությունից, որը երկպառակություն է առաջացնում»:
ԱՄՆ դեսպանությունը ընդդիմության դեմ ձեռնարկված այս արարքը գնահատում է որպես հետքայլ ժողովրդավարական ուղուց։