Իսլամական հեղափոխության բարձրագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեին կրոնական որոշում է ընդունել, ըստ որի մուլտֆիլմերի իգական սեռի կերպարները պարտադիր մահմեդական կնոջը վայել գլխաշոր՝ հիջաբ պիտի կրեն:
Իրանի բարձրագույն ղեկավարի՝ Telegram սոցիալական ցանցի հետեւորդներից մեկն Այաթոլլային հարց է տվել. արդյո՞ք նկարված կերպարներն էլ պիտի հավատարիմ մնան այդ կանոնին: «Ալ Արաբիա» հեռուսաալիքի տվյալներով՝ աստվածաբանը հարկ է համարել պատասխանել այդ հարցին:
«Ըստ էության, նման հիպոթետիկ իրավիճակում հիջաբ կրել պարտադիր չէ: Սակայն հիջաբ կրելու վերաբերյալ տաբուի խախտումը չի կարող անհետեւանք մնալ, ուստի այդ կանոնը պիտի պահպանեն նաեւ անիմացիոն ֆիլմերում», -ասել է Այաթոլլան:
Թե ինչպես է կյանքի կոչվելու այդ պահանջը՝ առայժմ հայտնի չէ: Չի բացառվում, որ բաց գլխով կանանց կերպարներով մուլտֆիլմերն Իրանում պարզապես կարգելվեն:
Հաճախ իրանական տեղեկատվական գործակալությունների ռետուշ անողները «անհամեստ հագնված» արտասահմանցի կանանց լուսանկարներում երկար թեւքեր են ավելացնում:
1979-ին իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանում մահմեդական կանանց դրես-կոդի պահպանումը դարձավ պարտադիր: Իրանցի կանանց համար հիջաբը կրոնական ճնշման խորհրդանիշ է: Սոցիալական ցանցերում պարբերաբար արշավներ են ծավալվում գլխաշորից հրաժարվելու օգտին: Այդ բողոքներն իշխանությունները պսրզապես անտեսում են: