Վերջերս Ֆրանսիայի պառլամենտի ստորին պալատը հավանության է արժանացրել «Հանրապետական սկզբունքների ամրապնդման մասին» օրինագիծը, որն այդ երկրի պատմության մեջ բավականին նշանակալի օրենք է եւ «արմատական իսլամի» դեմ փաստացի պայքարի փաստաթուղթ։
Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը գոհունակությամբ նշել է, թե պալատն ավարտել է քրտնաջան աշխատանքը մի փաստաթղթի վրա, որը պատասխանում է արմատական իսլամի աճին առնչվող որոշակի հարցերի, բայց գաղափարախոսությամբ հակասում Հանրապետության հիմքում դրված սկզբունքներին եւ արժեքներին:
Արդյո՞ք նոր օրենքը կօգնի ինչ-որ բան փոխել հանրապետությունում, որտեղ, ինչպես անցած տարի Նախագահ Մակրոնն էր նշել «հանրապետական» ծրագրային իր ելույթներից մեկում, «իսլամիստական հիդրան» [բազմագլխանի վիշապը] աճում է արդեն չորս տասնամյակ:
Ֆրանսիայի հասարակությունը եւս արմատական է տրամադրված։ Այս առիթով անցկացված հարցման մասնակիցների 88% -ը մտահոգված է իսլամիզմի վերելքով, 58% -ը լրջորեն է մտահոգված։ 73% -ը պաշտպանում է «աշխարհիկության սկզբունքը», որը երկրում հաստատվել է 1905 թվականի օրենքով (եկեղեցու տարանջատում պետությունից, հավատի եւ անհավատության ազատություն): Ֆրանսիացիների 83% -ը համոզված է, որ «հանրապետության արժեքները» պետք է գերակա լինեն կրոնի արժեքներին։ Հետաքրքիր է, որ այդպես են կարծում նաեւ իրենց մահմեդական համարողների 40%-ը, իսկ մահմեդականների մեջ 25-ից ցածր տարիք ունեցողների 26%-ը:
Ըստ ֆրանսիական Le Monde պարբերականի՝ ստորին պալատում ընդունվելուց հետո օրինագիծը կուղարկվի Սենատ, ուր, ամենայն հավանականությամբ, որոշ փոփոխություններ կկատարվեն փաստաթղթում: Այն պետք է համապատասխանեցվի մի շարք հիմնարար օրենքների՝ «Եկեղեցիների եւ պետության բաժանման մասին» (1905), «Միավորումների ազատության մասին» (1901), «Ժյուլ Ֆերի» կրթության մասին օրենք (1882)։