Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Վրաստանի ոստիկանությունն այսօր առավոտյան հատուկ գործողությամբ ձերբակալել էր Միացյալ ազգային շարժում (ՄԱՇ) ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկա Մելիային։
Հատուկ ջոկատայինների խմբերը լուսադեմից մոբիլիզացվել էին ՄԱՇ-ի գրասենյակի մոտ ու փորձել մուտք գործել շենք, սակայն կուսակցության աջակիցները փակել էին գրասենյակի գլխավոր մուտքերը:
Հատուկ ջոկատայինները գրասենյակ էին մտել տանիքից՝ հրշեջ փրկարարների մեքենաների հատուկ սարքերով եւ կիրառել գազանման նյութ, այնուհետեւ ներխուժել այն սենյակը, որտեղ Մելիան էր իր աջակիցների եւ լրագրողների հետ։
Հատուկ գործողության ընթացքում բերման էր ենթարկվել 21 անձ, առաջին օգնություն էր ցուցաբերվել 17 հոգու, նրանցից երկուսը տեղափոխվել էին հիվանդանոց:
Փետրվարի 26-ին ընդդիմությունը նախատեսում է բողոքի խոշոր ակցիա անցկացնել Թբիլիսիում, որին ըստ կազմակերպիչների` կմիանան քաղաքացիներ Վրաստանի տարբեր շրջաններից։ Ընդդիմությունը Նիկա Մելիային ձերբակալելու դեմ ակցիաներն անվանում է «ազգային ազատագրական պայքար»։
Մելիան մեղադրվելով 2019-ի ամռանը հակաօկուպացիոն ցույցերի ժամանակ խորհրդարանի վրա գրոհելու փորձի համար, հրաժարվել էր վճարել դատարանի սահմանած գրավը։ Դատախազությունը դիմել էր խորհրդարանին՝ վերջինիս անձեռնմխելիությունից զրկելու պահանջով, եւ, չնայած միջազգային գործընկերների հորդորներին, խորհրդարանը հավանության տվեց ընդդիմադիր գործչին ձերբակալելու դիմումին:
Մինչ այդ, այս հարցում անհամաձայնություն ունենալով «Վրացական երազանքի» գործընկերների հետ՝ հրաժարական էր տվել վարչապետ Գիորգի Գախարիան` հույս ունենալով, որ իր հեռանալով իրավիճակը կհանդարտվի: Նույն օրը պարզ դարձավ, որ վարչապետի պաշտոնում առաջադրվել է Իրակլի Ղարիբաշվիլին։ Տարիներ առաջ նա եղել է վարչապետ ու հայտնի է իր կոշտ քաղաքականությամբ, ընդդիմության հանդեպ վառ արտահայտված ատելությամբ: Ղարիբաշվիլիի` վարչապետի պաշտոնում ընտրվելուց ժամեր անց Մելիան ձերբակալվեց։
Աղբյուր` aliq.ge