Սաուդյան Արաբիայում կանայք այժմ կարող են զենք վերցնել եւ ծառայել բանակում։ Եւս մեկ մասնագիտություն, որը Թագավորությունը վերջերս հասանելի է դարձրել կանանց համար:
Ինչպես նշում է Arab News-ը, նրանք կարող են լինել զինվորներ, կրտսեր կապրալներ, սերժանտներ եւ շտաբային սերժանտներ: Քաշի եւ հասակի համապատասխանությունից բացի, բանակ մուտք գործող կանայք առնվազն պետք է միջնակարգ կրթություն ունենան:
Աշխատանքի շուկայում կանանց մասնակցության աճը թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի՝ Արաբական աշխարհի խոշորագույն տնտեսությունը վերափոխելու ծրագրերի մի մասն է։
Սաուդյան Արաբիայի կանանց արդեն հաճախ կարելի է տեսնել առեւտրի կենտրոններում՝ գանձապահներ, սրճարաններում կամ ռեստորաններում մատուցողուհիներ աշխատելիս: Անցյալ տարի արդարադատության նախարարը 100 կնոջ նշանակեց պետական նոտար, իսկ հունվարին հայտարարվեց, որ Սաուդյան Արաբիան «շուտով» կսկսի նշանակել նաեւ կին դատավորներ:
2019-ին Թագավորությունը վերացրել էր կանանց՝ առանց տղամարդ ազգականի թույլտվության ճանապարհորդելու արգելքը, ինչը կարեւոր քայլ էր խնամակալության համակարգին վերջ տալու ուղղությամբ: Մինչ այդ թույլ էր տրվել կանանց մեքենա վարել՝ դառնալով այս արգելքը վերացնող աշխարհի վերջին պետությունը: