ՄԱԿ-ի՝ արտադատարանային պատիժների հարցերով հատուկ զեկուցող Անյես Կալամարը պաշտոնական ուղերձ է հղել Իրանի իշխանություններին։ Նա անվստահություն է հայտնել 2020-ի հունվարին իրանական ՀՕՊ-ի կողմից ուկրաինական օդանավի խոցման շուրջ հետաքաննության եզրահանգումներին:
Թեհրանի պաշտոնական վարկածի համաձայն, 176 ուղեւորների մահը սխալմունքի արդյունք էր: Ամերիկացիների կողմից գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանությունից հինգ օր անց իրանական ռադարի օպերատորը ուկրաինական ինքնաթիռը հրթիռի հետ է շփոթել, որից հետո այն խոցվել է:
Կալամարը գրել է, որ Իրանի ներկայացրած ապացույցները համոզիչ չեն, հավելելով, թե չի պնդում, որ օդանավը ոչնչացվել է միտումնավոր, սակայն առանց հստակ պատասխանների կասկածները ցրելն անհնար է, եւ հարցը դեռ բաց է. օդանավը հրթիռի հետ շփոթելն անհնար է: