1,5 մետրից 1 մետր. մանկապարտեզներում փոքրիկների միջեւ հեռավորությունը կրճատվել է, նույն սենյակում 18-ի փոխարեն այսուհետեւ 20 երեխա է թույլատրվում, նախակրթարանների սահմանափակումներին առնչվող վերջին մեղմացումները, ըստ էության, մասնակի են լուծում խնդիրը:
Նախադպրոցական տարիքի շուրջ 3000 երեխա կորոնավիրուսի պատճառով տանն է։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի նոր որոշումը նրանց մի մասին է հնարավորություն տվել վերադառնալու մանկապարտեզ: Առաջնահերթ են զոհված զինծառայողների, 1-ին կարգի հաշմանդամների, միակողմանի ծնողազուրկ, ապա գրանցված աշխատողների երեխաները:
Այս իրավիճակը չի գոհացնում հատկապես այն ծնողներին, որոնց երեխաները տեւական ժամանակ է՝ հերթի մեջ են, նրանց թիվը հասնում է 12 000-ի: Մարտից փակված մանկապարտեզները վերաբացվեցին սեպտեմբերի 15-ին խստացված պայմաններով: Յուրաքանչյուր խմբում կարող էր լինել առավելագույնը 18 երեխա նախկին 30-ի փոխարեն:
Խնդիրը հատկապես աշխատանքի վերադառնալ ցանկացող ծնողների, միայնակ մայրերի համար է մնում օրակարգային: Անուշ Եսայանը աշխատում է պետական հիմնարկում, երկու երեխա ունի, ավագը 7 տարեկան է, դպրոց գնում է երկու օրը մեկ, երկարօրյայի հնարավորություն չկա, իսկ կրտսերի հերթին սպասում է արդեն մեկ տարի: Ստիպված օգտվում է դայակի վճարովի ծառայությունից, սեփական միջոցներով կազմակերպում երեխաների զբաղվածությունն ու ժամանցը:
«Երեխան զրկված է նախադպրոցական կրթության իր իրավունքից, հասակակիցների հետ շփումից, ինչը բացասաբար է անդրադառնում նրա զարգացման վրա»,- դժգոհում է Անուշը:
«Ամեն ինչ արվում է ձեր ու ձեր երեխայի առողջության պահպանման համար»,- ծնողներին այսպես են պատասխանում առողջապահության նախարարությունից եւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից՝ վստահեցնելով, որ այս կերպ կանխում են վարակի տարածումը:
Ծնողներն էլ հակադարձում են. «Երեւանում կյանքը մտել է բնականոն հունի մեջ, բազմաթիվ ոլորտներում կանոնները մեղմացվել են, թույլատրվում է, օրինակ, առանց մարդկանց թվի սահմանափակումների հավաքույթներ անցկացնել, բաց են ռեստորանները, մանկական սրճարանները, ժամանցի վայրերը, հանրային տրանսպորտում սանիտարական կանոնների պահպանման մասին խոսելն ավելորդ է: Այսպես երեխաների առողջությունն ավելի է վտանգված: Այդ դեպքում ինչո՞ւ են հենց պետական կրթական կառույցները թիրախում հայտնվել»:
«Դպրոցների, մանկապարտեզների նորմալ գործելու պարագայում, պահպանելով սանիտարահիգիենիկ կանոնները, դաշտն ավելի վերահսկելի կլիներ»,- վստահ է Անուշ Եսայանը:
«Երեւանյան մասնավոր մանկապարտեզները չեն վերահսկվում, ծանրաբեռնված են աշխատում, խոսել հիվանդության կանխարգելման մասին անտրամաբանական է,- ասում է երկու մանկահասակ երեխայի մայր Լիանա Սարգսյանը:- Մի՞թե կորոնավիրուսը շրջանցում է մասնավոր մանկապարտեզները»:
Թեեւ շատ ծնողների համար դրանք երբեմն փրկօղակ են, սակայն վարձավճարները ոչ միշտ են հասանելի միջին վիճակագրական քաղաքացուն: Լիանան մանկավարժ է, աշխատում է դպրոցում, 4 տարեկան երեխային ամբողջ օրը տանը պահել դժվար է, 100․000 դրամի հասնող աշխատավարձով էլ անհնար է ե՛ւ երեխայի կարիքները բավարարել, ե՛ւ վճարովի մանկապարտեզ ուղարկել:
Լիանան ու Անուշը մի խումբ ծնողների հետ հունվարից պայքարում են սահմանափակումների դեմ, դիմում-պահանջներով գերատեսչությունների բազմաթիվ դռներ են թակել: Քաղաքապետարանից ուղղորդում են առողջապահության նախարարություն, այնտեղից էլ՝ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն:
Անուշ Եսայանը պատմում է՝ իրենց տեղամասային մանկապարտեզից ասել են, որ համապատասխան տարածք ունենալու դեպքում խմբասենյակ կարելի էր ավելացնել՝ հերթագրվածների համար կազմակերպելով ընդունելություն, բայց դա եւս անհնար է ոչ տիպային նախագծով կառուցված մանկապարտեզների պարագայում, շատերը գործում են բնակելի շենքերի առաջին հարկերում:
Քաղաքապետարանից հայտնել են, որ 2020 թվականի ծրագրով հիմնանորոգված մի քանի մանկապարտեզներ առաջիկայում կվերաբացվեն, պատկերը կփոխվի: Ծնողներն ասում են, որ դա չի լուծի խնդիրը. չեն հանձնվում, կպայքարեն այնքան ժամանակ, մինչեւ կվերականգնվեն երեխաների իրավունքները, ի վերջո համաճարակը կարող է տարիներով չնահանջել:
Առաջիկայում Անուշն ու Լիանան մի խումբ ծնողների հետ կհանդիպեն քաղաքապետարանի, Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցների հետ՝ գրավոր հարց ու պատասխանից անցնելով բանավոր պահանջների: Հուսով են՝ կկարողանան հասնել նրան, որ օրենքը վերանայվի, ինչն էապես կթեթեւացնի ծնողի կյանքը, կվերականգնի երեխայի կրթության իրավունքը:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։