Ադրբեջանի միլի մեջլիսն առաջին ընթերցմամբ ընդունել է Ադրբեջանի եւ Թուրքմենստանի՝ ծովային «Դոստլուղ» նավթագազային հանքավայրի համատեղ շահագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, որի համաձայն հանքավայրի ածխաջրածնային պաշարները բաշխվում են՝ 30%-ն՝ Ադրբեջանին, 70%-ը՝ Թուրքմենստանին համամասնությամբ:
Ըստ թուրքմենական Turkmen Portal կայքի՝ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլու Բերդըմուհամեդովի եւ ռուսաստանյան «Լուքօյլ» ընկերության ղեկավար Վագիտ Ալեքպերովի պայմանավորվածությամբ «Դոստլուղ»-ի շահագործմանը կմասնակցի նաեւ «Լուքօյլ»-ը:
Վերջինիս հետ Ադրբեջանը 1997-ին պայմանագիր էր կնքել հանքավայրի շահագործման մասին, սակայն Թուրքմենստանի բողոքներից հետո գործարքը չեղարկվել էր:
«Դոստլուղ» հանքավայրi 50-70 միլիոն տոննա ածխաջրածնային պաշարը երկար տարիներ երկու երկրների միջեւ վիճաբանության եւ անգամ բախումների պատճառ էր:
«Դոստլուղ»-ը (որը նախկինում թուրքմեններն անվանում էին «Սերդար», ադրբեջանցիները՝ «Քյափազ») թուրքմեներեն եւ ադրբեջաներեն թարգմաբար նշանակում է «բարեկամություն»:
Նոր հուշագրի համաձայն ածխաջրածնային պաշարները համաշխարհային շուկա կարտահանվեն Ադրբեջանի ենթակառուցվածքների միջոցով: