Հայաստանում ստեղծված իրավիճակով մտահոգ են նաեւ Վրաստանում։ Շատերը Վրաստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին համարում են արեւմտամետ գործիչ, իսկ նրա դեմ ծավալված գործողությունները՝ Հայաստանին Արևմուտքից հեռացնելու միջոց:
Քաղաքագետ Զուրա Բաթիաշվիլիի կարծիքով՝ Հայաստանի այսօրվա իրավիճակը Կովկաս վերադառնալու Ռուսաստանի մեծ ծրագրի մի մասն է:
«Այս ծրագրի մեկ այլ մասը Ղարաբաղյան երկրորդ պատերազմն էր, որում Ռուսաստանի դիրքորոշման պատճառով արևմտամետ Փաշինյանը պիտակավորվեց որպես «պարտվող», որից հետո ռուսները սկսեցին ակտիվ գործողություններ՝ փոխարինելու նրան ռուսամետ կառավարությամբ:
Բայց քանի որ ռուսները չկարողացան քաղաքացիական բողոքով հեռացնել Փաշինյանին, նրանք ստեղծեցին իրենց սեփական գործակալությունը` ի դեմս հայ զինվորների, որոնք «կրթված» են Ռուսաստանում։ Նրանք էլ այսօր փորձում են վտարել Փաշինյանին:
Փաշինյանի կողմը ժողովրդի եւ ոստիկանության մի մասն է, իսկ նրան դեմ ՝ Ռուսաստանը, ընդդիմությունն ու զինվորականները:
Նման բաժանումը վտանգավոր է ցանկացած երկրի, այդ թվում՝ Հայաստանի համար. այսօր արդեն Երեւանի փողոցներում բախումներ են տեղի ունենում Փաշինյանի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ:
Իհարկե, ներքին առճակատման այս սցենարը գրված է Ռուսաստանում: Նրանք նույնն արեցին 90-ականներին, մենք դա սեփական փորձից գիտենք, եւ այս սցենարում փոխվում են միայն երկրների եւ «դերակատարների» անունները:
Եթե Փաշինյանին գահընկեց անեն, Հայաստանում իշխանության կգան բացահայտ ռուսամետ ուժերը: Սա կտրուկ կփոխի անվտանգության միջավայրն ամբողջ Կովկասում, ներառյալ, առաջին հերթին, Վրաստանը, որտեղ ռուսական ճնշումը կուժեղանա:
Ինչ վերաբերում է այս գլխավոր ծրագրի վրացական բաղադրիչին, ապա Ռուսաստանն այստեղ մի փոքր այլ նպատակ ունի. նա ավելին է ուզում, քան Թբիլիսիում իշխանափոխություն անելը։ Ռուսաստանի նպատակը արեւմտյան զարգացման ուղուց շեղելն է, ինչը մենք տեսնում ենք այս օրերին:
Այնուամենայնիվ, հասկանալի է, որ Ռուսաստանն այստեղ հեշտ «զբոսանք» չի ունենա, քանի որ վրացական հասարակության մեծամասնությունն արեւմտամետ է, իսկ Արեւմուտքն՝ ակտիվ:
Այսպիսով, իրական մարտը սկսվում է հիմա, եւ մենք էլ ունենք մեր ճակատամարտը»: