Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Financial Times պարբերականին տված հարցազրույցում Եվրոպայի երկրներին եւ ԱՄՆ-ին կոչ է արել պատվաստանյութերի ամբողջ ծավալի 5%-ն ուղարկել զարգացող երկրներ, որտեղ պատվաստման գործըթացը դեռ չի մեկնարկել:
Նա նշել է, որ աֆրիկյան երկրները երբեմն աստղաբախշական գներով արեւմտյան, օրինակ՝ AstraZeneca տեսակի պատվաստանյութեր են գնում՝ հաճախ վճարելով ավելի բարձր գին, քան ԵՄ-ն, եւ կորոնավիրուսի նոր շտամի դեմ անորոշ արդյունավետության չինական ու ռուսական պատվաստանյութերի առաջարկներ ստանում:
«Մենք չենք խոսում միանգամից միլիարդանոց չափաքանակների կամ միլիարդավոր եվրոների մասին: Խոսքը մեր պատվաստանյութերի 4-5%-ի արագ բաշխման մասին է»,- ընդգծել է Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ այդ քայլը բնավ չի անդրադառնա ԱՄՆ-ում ու Եվրոպայում պատվաստման գործընթացի վրա, սակայն ամբողջից մի մասը տալու դեպքում զարգացած երկրներում կզգան՝ ինչ ասել է պատվաստանյութի սրընթաց տարածում:
Մակրոնը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հավանություն է տվել պատվաստանյութի տարածման եվրոպական նախաձեռնությանը, հավելելով, որ հույս ունի ստանալու նաեւ ԱՄՆ աջակցությունը:
Նրա խոսքով՝ հակառակ դեպքում Չինաստանն ու Ռուսաստանը կլցնեն դատարկությունը՝ առաջ անցնելով պատվաստանյութերի տարածման համար մղվող պայքարում: