ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեն հայտարարություն է արել Ադրբեջանում պահվող հայ գերիներին՝ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։
«Ես կոչ եմ անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության հետեւանքով Ադրբեջանում գերության մեջ պահվող բոլոր հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց: Զինված հակամարտության հետեւանքով անազատության մեջ գտնվող յուրաքանչյուր ոք պետք է վերադարձվի անմիջապես ռազմական գործողությունների ավարտից հետո եւ առանց որեւէ նախապայմանների: Դա պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների ու մարդասիրական գործընթացի շրջանակում՝ որպես ավտոմատ գործողության միջազգային պահանջ»,–ասել է Ժոզեֆ Սիգելեն։
Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձի ձգձգումները խաթարում են մարդկային արժանապատվությունը եւ լրջորեն խախտում Ժնեւյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։ Դա կոպտորեն խարխլում է հետպատերազմական փուլի մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային մանդատները: Գերիներին ազատ արձակելը եւ նրանց անվտանգ վերադարձը պահանջում են անհապաղ լուծում:
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Բաքուն բոլոր ռազմագերիներին հանձնել է Երեւանին:
Մինչ օրս Հայաստան է վերադարձել 69 գերի։ Պաշտոնապես հայտնի չէ, թե քանի գերի կա ադրբեջանական կողմում, սակայն հրադադարի մասին հայտարարությունը ստորագրելուց գրեթե չորս ամիս անց ոչ պաշտոնական տվյալներով դեռեւս մինչեւ 300 հայ ռազմագերի ու պատանդ կա: