Այդ օրը տղամարդկանց, նույնիսկ պատանիներին շնորհավորելու, նվեր մատուցելու խորհրդային ավանդույթը ստեփանակերտցիները սրբությամբ պահպանել են: Այստեղ ժամացույցը միշտ Մոսկվայի հետ է ճշտվել, եւ Շուշիի ազատագրման օրն էլ նշվում է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշահամալիրում: Տարօրինակ է, բայց՝ փաստ, որ սա տեւում է արդեն մոտ երեսուն տարի:
Փետրվարի 23-ն ինձ համար քրոջս առաջնեկի՝ Գուրգենի ծննդյան օրն է: Նա ութ-ինը տարեկան երեխա էր, երբ առաջին պատերազմում հայրը վիրավորվեց: Սեպտեմբերի առաջին կամ երկրորդ օրն էր: Երեւանում էի, երբ լուրն իմացա: Ասացին, որ ուղղաթիռով տեղափոխում են: Քույրս գյուղից հասել էր Ստեփանակերտ, որտեղ մյուս քույրս՝ Սուսանը, մի կերպ դասավորել՝ բեռնատար մեքենայի թափքում տեղ էր գտել, որ գա՝ ամուսնուն խնամի:
Նա Երեւան հասավ կեսգիշերին: Մինչ այդ մենք Երեւանի քրոջս՝ Նվարդի ամուսին Սլավիկի հետ բոլոր հիվանդանոցներում եւ հոսպիտալներում էինք եղել եւ մեր վիրավորին գտել Էրեբունիում: Երեք օր վերքն անմշակ՝ ոտքն ուռած-սեւակապտավուն մի զանգված էր հիշեցնում:
Իսկ երեխաները տատի հետ Աբովյանում էին: Գյուղում պապն էր մնացել՝ տանը, անասուններին տիրություն անի: Ութ-ինը տարեկան Գուրգենը, մինչեւ հորը կվիրահատեին, երկար կբուժեին ու այդպես էլ կթողնեին հաշմանդամ՝ ցուրտ, մութ եւ կիսասով Երեւան քաղաքի այդ հիվանդասենյակում ծնողների կողքին էր: Բժիշկ Կառլեն Բալայանը հաշտվել-թույլատրել էր:
Այս վերջին պատերազմում Գուրգենն է վիրավորվել: Ռումբի կամ «Սմերչի» կամ ԱԹՍ-ի հրթիռի ալիքը շպրտել՝ տասը-տասնհինգ մետր դիրքից հեռու է նետել: Ծնկից ներքեւ ոտքի ոսկորները փշրվել են: Հոկտեմբերի վերջերի մի օր աղջիկս վաղ առավոտյան զանգեց, ասաց, որ Գուրգենը վիրավորվել է, տեղափոխում են Երեւան:
Աղջկաս ամուսինը Երեւանից կամավորագրվել՝ Խծաբերդի դիրքերում էր: Օրումեջ կամ ինքը կամ Գոռը, որ իրենց թալինցի ծանոթի տղան է եւ պատահաբար նույն դիրքերում էին, զանգում, կարճ ասում էր՝ կամ, եւ Գուրգենի վերքն այդ ահավոր սպասումների մեջ ստույգ մահից փրկության նման էր: Դժվար բուժվեց: Հիմա էլ զգացվում է, բայց վերադարձել է զինվորական ծառայության:
Իմ քրոջ առաջնեկ Գուրգենը: Երկու քույրերի եղբայրը: Երկու տղա երեխայի հայրը: Ղարաբաղյան պատերազմի երրորդ խմբի հաշմանդամ հոր եւ գյուղական դպրոցի տնօրեն մոր որդին: Նա երկու ժամկետով համայնքի ղեկավար է պաշտոնավարել, մինչ այդ՝ ավագանու անդամ: Բարձրագույն գյուղատնտեսկան կրթություն ունի: Ժամկետային ծառայությամբ տանկի նշանառու է: Հիմա սպասում է, որ պատերազմի պատճառով հետաձգված՝ սպայական կոչման հրամանն ստանա:
Թշնամու հետ շփման գիծն առաջվանը չէ: Արեւելքից՝ Խաչենի կամրջից երկու, առավելագույնը երեք կիլոմետրի վրա է բաժանարարը: Արեւմուտքում՝ Վաղուհաս-Նարեշտար գծի հին խրամատներում են դիրքավորվում: Դեպի հարավ մի փոքր տարածություն է՝ մինչեւ Ստեփանակերտ-Շոշ: Հյուսիսում Քեմքեշի ձորն է սահմանային, որտեղ Գուրգենը հինգ ամիս առաջ վիրավորվել է: Իսկ տունը, այգին, բակը, որտեղ նրա Դանիել եւ Միքայել որդիները պապուտատի գուրգուրոտ հայացքի տակ հեծանիվ են քշում, նույնն է: Նախկին անհոգ զվարթությունն է պակասել, հյուրերի համար էլ երկրորդ-երրորդ սեղան չեն դնում: Չեն հրավիրել: Տնեցիներով են: Ես ու տղաս՝ Ստեփանակերտից: Եւ մեր Վալերին, որ պատերազմի քառասունչորս օրերին ե’ւ դիրքի տղաներից ինչ-որ հնարքով ամենաստույգ լուր ունեցողն էր, ե’ւ շտապօգնություն՝ եթե մեկնումեկին պետք էր լինում Ստեփանակերտ թոշակ ստանալու գնալ կամ Մարտակերտ՝ տղայից որպիսություն իմանալու:
Ոչ այն է՝ ուրախ, ոչ այն է՝ շատ տխուր սեղան է: Եւ ինչ էլ անես, որքան էլ փորձես շեղվել, չի ստացվում. պատերազմն իր ահավորությամբ գալիս-նստում է մեր արանքում: Սատանայի նման, չարքի պես սուզվում գինու սափորն ու այնտեղից եղկելի նայում աչքերիդ:
Զոհվածները հիշվում են: Տանջալի սպասումները՝ նույնպես: Այդ պատմություններն արդեն կատարված-եղած անցյալ են: Չեն մոռացվում: Բայց ներկայից առավել կարեւոր է ապագան՝ ի՞նչ է լինելու: Ռուս խաղաղապահներն ինչքա՞ն ժամանակով են այստեղ: Իսկ եթե թողնեն-գնա՞ն: Իսկ ինչու՞ Հովտաշենում, Նոր Սեյսուլանում քսան տարի բնակություն հաստատածները ետ գյուղ չե՞ն գալիս: Իջել են Մարտակերտ, սպասում են՝ իրենց համար տուն կառուցեն կամ բնակարան տան: Որ ի՞նչ: Փախստական են: Բռնատեղահանված: Ոչ մեղադրել կարող ես, ոչ՝ արդարացնել: Կյանք է:
Իսկ Վալերիկը տղային մի քանի օր առաջ բերել էր զորակայան: Տասնութը լրացել է՝ կանչել են ծառայության: Հիմա կարանտին է անցնում: Եկող ամսի սկզբներին կուղարկեն զորամաս: Վալերիկը չորս երեխա է մեծացնում: Մեծ ընտանիք է: Նրա հայրն իմ Աթանես պապի քրոջ որդին է: Մենք հարազատներ ենք: Ամեն հանդիպելիս նա ինձ նույն հարցն էր տալիս.«Սրա վերջն ի՞նչ է լինելու», եւ երբ անորոշ-անիմաստ մի բան էի ասում, հասկացողի իր խաժ աչքերով ժպտում, գալիքն ամփոփում էր. «Չէ, էս շան տղա թորքերը սուս չեն անելու»: Որպես թե՝ իրականության հետ չեն հաշտվելու, վրեժխնդրության են գալու:
Պատերազմի օրերին նա կորոնայով հիվանդ՝ Երեւանի Կոմիտասի փողոցի մի վարձու բնակարանում պառկած էր: Եւ ութսունհինգ տարեկանում հաղթահարեց դարի չարիքը: Հիմա գյուղում իր տանը, իր մանրիկ գործերին է: Փետրվարի 23-ը նրա համար այլեւս սովորական օր է: Բոլոր օրերն են անիմաստ: Եւ ես նրան տեսության չեմ գնում: Ի՞նչ պիտի պատասխանեմ, եթե հանկարծ կանաչա-խաժավուն աչքերով ուղիղ նայի դեմքիս եւ ասի. «Տեսա՞ր, բա որ ասու՞մ էի»: Վալերիկին հարցրի՝ հերդ ի՞նչ է անում, ասաց. «Փաշինյանին ուշունց է տալիս»: Երկու օրից Գուրգենը կանցնի ծառայության: Բարձրագույն բժշկական հանձնաժողովը որոշել է, որ հաշմանդամության խնդիր չկա։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։