ՀՀ ԳԱԱ նախագահությունը, պայմանավորված երկրում ամիսներ շարունակվող քաղաքական ճգնաժամի օրեցօր խորացմամբ, նոր հայտարարություն է տարածել։
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի իշխանությունները ոչ միայն լուրջ քայլեր չեն ձեռնարկել ստեղծված աշխարհաքաղաքական ծանր իրավիճակից երկիրը դուրս բերելու ուղղությամբ, այլեւ անհեռատես նոր քայլերով խորացրել են ընդհանուր ճգնաժամը»,–ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ի պատասխան հրաժարական ներկայացնելու վերաբերյալ՝ ՀՀ Գլխավոր շտաբի պետի եւ բազմաթիվ բարձրաստիճան այլ զինվորականների սույն թվականի փետրվարի 25-ի պահանջի, վարչապետը, հանդես գալով ՀՀ ԳՇ պետին աշխատանքից ազատելու մասին միջնորդությամբ, փաստորեն վտանգում է տարածաշրջանում ստեղծված փխրուն խաղաղությունը, Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այն դեպքում, երբ այսօր էլ որպես հայրենաբնակ հայության անվտանգության գլխավոր երաշխավոր շարունակում է մնալ Հայոց բանակը։