Լեհ իրավաբան, «Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ընդդեմ հայերի․ Արցախ–2020» գրքի հեղինակ Թոմաշ Լեխ Բուչեկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ուղղված բաց նամակում պատրաստակամություն է հայտնել փոխանակվել Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ։
«Հարգելի պարոն նախագահ։ Հանուն ճշմարտության ու հումանիզմի՝ ես առաջարկում եմ ինձ փոխանակել հայ գերիների հետ, որոնք Ադրբեջանում ենթարկվում են դաժան վերաբերմունքի ու ստորացման, նրանց անհապաղ ազատ արձակման դիմաց։ Ավելի քան 300 մարդ գերության մեջ է, ու ընտանիքներն անհամբեր սպասում են նրանց վերադարձին։ Մարդը չի փնտրում ճշմարտությունը, ճշմարտությունը պետք է գտնի մարդուն»,- նշված է նամակում։
Ադրբեջանը Բուչեկին 50 հազար դոլար է առաջարկել «Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ընդդեմ հայերի․ Արցախ–2020» իր գիրքը չտպագրելու համար, սակայն լեհ իրավաբանը մերժել է՝ հրապարակելով առաջարկ-նամակի լուսանկարն ու իր պատասխանը. «Ազատեք հայ ռազմագերիներին»։
Բուչեկը գրքում ներառել է տեսանյութեր եւ այլ տվյալներ հայ գերիների եւ Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական զինվորների ու վարձկանների գործած դաժանությունների վերաբերյալ։