ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ հանուն երկրում լարվածության թուլացման իր ղեկավարած քաղաքական ուժը պատրաստ է ցանկացած զիջման, եթե Փաշինյանը համաձայնի ցրել խորհրդարանը։
«Գնացեք Փաշինյանին ասեք` Էդմոն Մարուքյանը ցանկացած կոմպրոմիսի պատրաստ է, ցրե՛ք խորհրդարանը։ Ինչ ինքը ուզի, պատրաստ ենք, ցանկացած հուշագիր ստորագրում եմ»,- ասել է Մարուքյանը` Նիկոլ Փաշինյանին հրավիրելով քննարկել իր առաջարկը։
«Մենք հիմա կոմպրոմիսի ենք գնում, ինքը պատրա՞ստ է կոմպրոմիսի գնալ, թե՞ միայն Ադրբեջանի կոմպրոմիսին են գնում»,- հարցրել է Մարուքյանը։
Մինչ այդ նա վարչապետ Փաշինյանին առաջարկել էր հետ վերցնել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության՝ նախագահին ուղարկած առաջարկը, որից հետո ԼՀԿ-ն կստորագրի հուշագիր, ըստ որի՝ վարչապետի հրաժարականի դեպքում չի առաջադրի այլ թեկնածու, թույլ կտա, որ խորհրդարանն անցնցում ցրվի, եւ անցկացվեն արտահերթ ընտրություններ։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով Մարուքյանի առաջարկին, նշել է, որ իրենք պատրաստ են արտահերթ ընտրություններ անցկացնելու ուղղությամբ գործնական քայլերի: