Թուրք քաղաքագետ Բուրհանետին Դուրանը [Burhanettin Duran] Sabah պարբերականում վերլուծել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ պարզաբանել, թե ինչու է Անկարան դեմ հարեւան երկրում հնարավոր հեղաշրջմանը։
Հայաստանի վարչապետ Փաշինյանը բարդ իրավիճակում է հայտնվել: Բանակը հայտարարություն է տարածել՝ պահանջելով նրա կառավարության հրաժարականը: Իսկ Փաշինյանը, որը հայտարարությունը համարեց «հեղաշրջման փորձ», աշխատանքից հեռացրեց Գլխավոր շտաբի պետին ու իր կողմնակիցների հետ դուրս եկավ փողոց:
Այն փաստը, որ բանակի հայտարարությունը պաշտպանել են նախկին նախագահ Քոչարյանը եւ նախկին վարչապետ Մանուկյանը, ցույց է տալիս, որ հայ քաղաքականության ժամացույցի բոլոր զսպանակները պայթել են:
Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմում ծանր պարտություն կրած Հայաստանում տիրող քաոսը, զարմանալի չէ աշխարհի համար: Վեճերն այն մասին, թե ով է պատասխանատու պատերազմում կրած պարտության համար, տաքացնում են ներքաղաքական կաթսան:
Դաժան քննադատության կրակի տակ, Փաշինյանը հարձակվեց ռուսական զենքի վրա՝ ասելով.
«Իսկանդեր» հրթիռները չեն պայթել», ինչը վիրավորեց Մոսկվային: Իսկ բանակը պարտությունը բացատրում է Փաշինյանի արտաքին քաղաքական սխալ որոշումներով: Իրականում, մեղավորներին բացահայտելու համար բոլոր այս փաստարկներում կա որոշակի ճշմարտություն:
Փաշինյանի սխալը, Ռուսաստանի հաշվարկը
Որպես Միացյալ Նահանգներին մոտ կանգնած գործիչ՝ Փաշինյանը չկարողացավ հավասարակշռություն պահպանել իր երկրի ներսում ռուսական ազդեցության եւ արեւմտյան բլոկի հետ մերձեցման միջեւ: Փաշինյանը, որի դիմումները արեւմտյան մայրաքաղաքներին մնացին անպատասխան, չէր կարողացել կանխատեսել Ադրբեջանի ռազմական պատրաստվածությունը, Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին եւ նրանց վարած արդյունավետ դիվանագիտությունը Ռուսաստանի հետ:
Այն դեպքում, երբ արդեն որոշված էր գրավյալ ադրբեջանական հողերը վերադարձնել Բաքվին, Փաշինյանն, ազգայնական տրամադրությունների ազդեցության տակ, գիտակցաբար գնաց պարտվողական պատերազմի:
Ռուսական զենքն իսկապես անարդյունավետ էր թուրքական հարձակողական անօդաչու թռչող սարքերի դեմ: 30 տարի շարունակ Բաքուն մեծ ծավալով նախապատրաստվում էր Լեռնային Ղարաբաղը վերադարձնելուն, իսկ Երեւանը՝ պաշտպանության:
Ռուսական զենքով Երեւանին պաշտպանության պատրաստելը չի կարելի թերագնահատել: Լեռնային տեղանքով դեպի բարձունք ձգվող դիրքերում, տանկերի ու հրետանու օգնությամբ ստեղծվել էր շատ լավ պաշտպանական գիծ:
Պատերազմի սկզբում հայկական ուժերը նույնիսկ մեծ կորուստներ պատճառեցին ադրբեջանական զինուժին: Սակայն հետագա օրերին, հարվածային անօդաչու թռչող սարքերով հայկական պաշտպանության ոչնչացումն էլ որոշեց պատերազմի արդյունքը:
Հայաստանը, հույսը դնելով Ռուսաստանի զենքի եւ քաղաքական աջակցության վրա, ակնհայտորեն հիասթափություն ապրեց պատերազմի ընթացքում Ռուսաստանի քաղաքականությունից: Եվ այն փաստը, որ Փաշինյանը Մոսկվային պարտության հաշիվ ներկայացրեց, ակնթարթորեն քանդեց առանց այն էլ անկայուն հավասարակշռությունը:
Մոսկվային մոտ կանգնած զինվորականներն ու քաղաքական գործիչները սկսեցին միասին փնտրել Փաշինյանին իշխանազրկելու ուղիներ: 2018-ին համաժողովրդական շարժման ալիքի վրա իշխանության եկած Փաշինյանի համար հեշտ չի լինելու պահել իր իշխանությունը, Լեռնային Ղարաբաղում կրած պարտությունից հետո:
Նա կանգնած է պաշտոնանկության, արտահերթ ընտրությունների կամ հեղաշրջման սպառնալիքի առջեւ, երբ զինվորականներն ու ընդդիմությունը գործում են միասին: Արդյո՞ք Կրեմլը պարզապես վախեցնում է Փաշինյանին, թե՞ մտադիր է նրան տապալել:
Կրեմլն արդյո՞ք ձգտում է ավարտել իր գործողությունը, մինչ Բայդենը կսկսի գործել: Կշտապի՞ արդյոք Բայդենի վարչակազմը օգնության հասնել Փաշինյանին «ժողովրդավարությունները պաշտպանելու» տեսլականի շրջանակում, կիմանանք շուտով:
Ինչո՞ւ է Անկարան դեմ հեղաշրջմանը
Մինչ Մոսկվան հայտնում էր իր «մտահոգությունը» եւ առաջարկում «խաղաղ կարգավորում», Անկարան խստորեն դատապարտում էր հեղաշրջման փորձը: Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն ասել է. «Մենք դեմ ենք հեղաշրջումներին կամ աշխարհի ցանկացած կետում իշխանությունը բռնազավթելու փորձերին»:
Նախ Անկարան հիմնովին դեմ է հեղաշրջման փորձին, եւ դա պայմանավորված է նրանով, որ հինգ տարի առաջ Թուրքիան հաղթահարեց 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը: Ավելին, Անկարան չի ցանկանում, որ Երեւանը ներքաշվի քաղաքական անկայունության կամ քաղաքացիական պատերազմի մեջ:
Անկարան ցանկանում է, որ սկսվի մի ժամանակաշրջան, որը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում խաղաղության, համագործակցության եւ տնտեսական ինտեգրման համար: Վեցի պլատֆորմի առաջարկը ծառայում է այդ նպատակին: Կովկաս-Կասպից-Կենտրոնական Ասիա երթուղու կայունության ապահովումը, էներգետիկ ռեսուրսների փոխադրումը եւ առեւտրի դյուրացումը բխում են Թուրքիայի շահերից:
Նախիջեւանի միջանցքով թյուրքական հանրապետությունների հետ ցամաքային կապի ապահովումը դրական իրադարձություն է: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը, Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանի հետ Հայաստանի ինտեգրումը, ինչը թույլ կտա հաղթահարել տնտեսական խնդիրներն, անհրաժեշտ են Կովկասում կայունություն հաստատելու համար:
Եթե ընդդիմադիրները գան իշխանության եւ նոր պատերազմ սկսեն Ադրբեջանի դեմ, կամ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մրցակցությունը Հայաստանը վերածի ձախողված պետության, ապա շատ խնդիրներ կառաջանան, այդ թվում նոր փախստականների հոսք: Ըստ ամենայնի, Երեւանում հեղաշրջման փորձը լինելու է Բայդենի վարչակազմի՝ «Ռուսաստանին զսպելու» եւ «ժողովրդավարական երկրներին աջակցելու» քաղաքականությունը փորձարկելու առաջին հարթակներից մեկը:
Պատրաստեց Կարինե Դավոյանը