Հակակոռուպցիոն պայքարի, ինչպես նաեւ դատաիրավական բարեփոխումների շրջանակներում իշխանությունները մտադիր են ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե եւ Հակակոռուպցիոն առաջին ատյանի ու վերաքննիչ դատարաններ, իսկ Վճռաբեկ դատարանում առանձնացնել համապատասխան մասնագիտացված դատավորների։
Ազգային ժողովն առաջին արդեն ընթերցմամբ ընդունել է այդ մարմինները ստեղծելու՝ կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթները, բայց փետրվարի 24-ին երկու ամսով հետաձգեց երկրորդ ընթերցման քննարկումները՝ պատճառաբանելով, թե նախագծերի վրա դեռ պետք է աշխատեն։ Այնուամենայնիվ, այսքան դատարաններ եւ քննչական մարմիններ ունենալու պարագայում ինչո՞ւ են իշխանությունները որոշել ստեղծել հակակոռուպցիոն ուղղվածությամբ նոր կառույցներ։
Կառավարությունը հիմնավորում է, որ «մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի միջոցով Հայաստանում կոռուպցիոն իրավախախտումների բացահայտումը, կոռուպցիոն հանցագործությունների քննությունը կդառնան ավելի արդյունավետ»:
«Ներկայումս ՀՀ-ում քրեական գործերով նախաքննություն կատարում են Քննչական կոմիտեի, ՀՔԾ-ի, ԱԱԾ-ի, հարկային եւ մաքսային մարմինների քննիչները, մինչդեռ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը կարող է երաշխավորված լինել միայն այն պարագայում, երբ այդ գործառույթը վերապահված է մեկ մասնագիտացված մարմնի»,- նշված է հիմնավորման մեջ:
Հակակոռուպցիոն կոմիտեն մասնագետներով համալրելու համար քննչական այլ մարմիններում հաստիքներ կկրճատվեն եւ կփոխանցվեն կոմիտեին։ Նշանակումները կատարվելու են մրցութային կարգով: Կոմիտեում ծառայողի պաշտոն կարող է զբաղեցնել այն անձը, որն ունի ՀՀ-ում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան, անցել է պարտադիր զինվորական ծառայություն, տիրապետում է հայերենին, ունի անգլերենից, ռուսերենից եւ ֆրանսերենից B1 մակարդակի իմացություն եւ այլ որակներ:
Հակակոռուպցիոն մարմնի աշխատողների աշխատավարձը լինելու է ավելի բարձր, քան քննչական մյուս մարմիններում է: Դա պայմանավորված է նրանց ներկայացվող առավել խիստ պահանջներով։ «Մենք ակնկալում ենք պետությանը միլիոնավոր դրամների վնաս պատճառած անձանց գործերի քննություն, ինչը ենթադրում է քննադատության թիրախում հայտնվելու հավանականություն: Դրա համար էլ նախատեսում ենք այնպիսի աշխատավարձ, որը կբխի տվյալ աշխատանքի էությունից, բայց դա չի նշանակում, որ մեր մյուս ստորաբաժանումների քննիչներն էլիտար չեն, կամ էլիտար քննիչների համակարգ ենք ստեղծում»,- նախագծի ներկայացման ժամանակ մանրամասնեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն 25 դատավոր, որոնցից 20-ը կքննի կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, 5-ը կունենա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման քաղաքացիական հայցեր քննելու մասնագիտացում։
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը կունենա առնվազն 10 դատավոր։ Երրորդ ատյանում՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատում, նախատեսվում է ավելացնել կոռուպցիոն բնույթի դատավորների հաստիքներ։
Դատական համակարգին այս բարեփոխման համար կհատկացվի 6 մլրդ դրամ, որից 1 մլրդն արդեն նախատեսված է կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրով, իսկ մյուս մասը կստանան միջազգային գործընկեր կառույցներից՝ իբրեւ աջակցություն։ «ԵՄ-ն արդեն հատկացրել է առաջին տրանշը 9 մլն եվրոյի չափով»,- տեղեկացրեց նախարարը։
Բայց արդյո՞ք կառավարությունն իր այս նախաձեռնություններում կհաջողի, եւ մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարը կդառնա արդյունավետ: Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասում է, որ ինչպես ցույց է տալիս հեղափոխությունների պատմությունը, պետություններում առկա կառույցներն այնքան են վարկաբեկված, կոռումպացված, որ ի վիճակի չեն լուծելու խնդիրները: Եվ կառավարության այս նախաձեռնությունը, կարելի է ասել, ճարահատյալ քայլ էր:
«Հայաստանում կոռուպցիան հասել էր տիեզերական մասշտաբների։ Մենք կարող ենք ասել, որ 100 քայլ առաջ ենք անցել բոլոր կոռումպացված երկրներից, եւ մինչեւ այսօր էլ այդ նույն համակարգերը շարունակում են աշխատել։ Իշխանությունները, երբ ասում են, թե համակարգային կոռուպցիան վերացված է, կարող են անձնապես մատնանշել միայն իրենց։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը կաշառք չի վերցնում, թյուր տպավորություն ունի, որ այլ հարթակներում, այլ ատյաններում չկա այդ կոռուպցիան։ Իհարկե, կարող եմ ասել, որ ինչ-որ չափով պակասել է, բայց դրա ծավալներն ի սկզբանե այնքան մեծ էին, որ դեմն առնելու համար անհրաժեշտ էին հեղափոխական գործողություններ, որոնք տեղի չունեցան»,- ասում է Նինա Կարապետյանցը՝ հավելելով, թե ժամանակը ցույց կտա՝ որքան արդյունավետ կաշխատեն այդ մարմինները:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն էլ հավելում է, որ միջազգային փորձն ու առողջ բանականությունն ասում են՝ արժի ունենալ հակակոռուպցիոն նման մարմիններ. «Որոշ երկրներում, որտեղ ստեղծվել են այդ մարմինները, դրական արդյունք տվել են»:
Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ այդ արդյունքներն այնքան էլ մեծ չեն: Նա հիշեցնում է Ուկրաինայի փորձը, որտեղ ստեղծվել են հակակոռուպցիոն անհրաժեշտ բոլոր մարմինները, բայց իրավիճակը շատ չի փոխվել: Փոխարենը մեր հարեւան Վրաստանում Միխեիլ Սահակաշվիլիի նախագահության առաջին շրջանում առանց այդ մարմինների էլ հակակոռուպցիոն պայքարը մեծ առաջընթաց է ունեցել:
Մյուս կողմից էլ, նրա ներկայացմամբ, եթե պայքարը հետեւողական ու շարունակական չի լինում, ապա երկրները կորցնում են ձեռք բերածը: «Դրա լավագույն օրինակը նույն Վրաստանում էր, նաեւ ԱՄՆ-ում, Թուրքիայում եւ այլուր»,- ասում է փորձագետը:
Հակակոռուպցիոն արդյունավետ քաղաքականություն իրականացնելու առաջին պայմանը Հոկտանյանը համարում է քաղաքական կամքը: Իսկ դա թեեւ անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Ասում է՝ զուգահեռաբար ճիշտ աշխատանք պետք է տանել հանրության հետ եւ արդյունավետ դարձնել նաեւ առաջնային կանխարգելման օղակների աշխատանքը:
Ընդհանուր առմամբ փորձագետի կարծիքով հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է լինի քաղաքական ու տնտեսական լուրջ բարեփոխումների ածանցյալը, մինչդեռ անցած երեք տարիներին այդ ոլորտներում նա լուրջ փոփոխություններ չի տեսել. «Ըստ ձեզ՝ այս երեք տարիներին տնտեսական կառուցվածքը փոխվե՞ց, ներդրումներ եղե՞լ են: Նախորդ իշխանությունների ժամանակ ասում էին, որ նաեւ կոռուպցիան է պատճառը, որ ներդրումներ չեն լինում… Մենք հիմա էլ տեսնում ենք, որ ինչ ասում է քաղաքական ղեկավարությունը, իրավապահ համակարգը դա էլ կատարում է: Եթե գործերի քննությունը չի արագացվում, ուրեմն վերեւից նման հրահանգ չկա: Իհարկե, կոռուպցիոն երեւույթներ կան համակարգում: Չեմ ուզում քաղաքական այլ ազդակներրի մասին մտածել՝ նախկին կոռուպցիոներների հետեւից ընկնել, ներկաներին անտեսել»:
Այդպիսով համաձա՞յն է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ տարիներ շարունակ բիզնեսում 50/50 քաղաքականությամբ հայտնի Ալեքսանդր Սարգսյանի ընդամենը մի քանի օր առաջ արած այն հայտարարության հետ, թե «Նիկոլ Փաշինյանը մեզնից ավելի կոռումպացված է», Հոկտանյանը պատասխանեց. «Ալեքսանդր Սարգսյանի ասածը հիմք չէ»:
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։