Քարվաճառցի քսանչորսամյա Արտակ Ավետիսյանը Թալիշում պայմանագրային զինծառայող էր, երբ սկսվեց Արցախյան երրորդ պատերազմը: Այժմ հայրենի Չարեքթար գյուղը թողած՝ Արտակն ու նրա ընտանիքը բնակվում են Հայաստանում՝ Չարենցավանում:
Ասում է՝ երբ դեռ գյուղում էր, սովորում ու աշխատում էր, այստեղ աշխատանք չի կարողանում գտնել: Ի տարբերություն իր շատ հասակակիցների՝ սիրած զբաղմունքների մասին խոսելիս ասում է, որ դրանց համար հիմա ժամանակ չունի, պետք է աշխատանք գտնել՝ իրենց մեծ ընտանիքի հոգսերը հոգալու համար:
Թալիշից հետո Արտակը կռվել է նաեւ Հակոբ Կամարի (Լուլասազ), Շեխեր գյուղերում, Շուշիում: Պատերազմի մասին դառնությամբ է հիշում ու խոսում: «Առաջին օրը մեզ տագնապի ազդանշանով տարան դիրքեր: Չէինք հասցրել նորմալ դիրքավորվել, երբ տանկերը մոտեցան: Բլինդաժը պայթեցրին, շատ զոհեր տվեցինք, իրենք էլ մեծ կորուստներ ունեցան: Հակատանկային դասակում ծառայող մի տղա հինգ տանկ էր խփել: Բայց դե անհավասար կռիվ էր. ավտոմատով դուրս գաս տանկի դեմ»,- ասում է Արտակը:
Երբ Շեխերում էին, հակառակորդի դիվերսիոն խմբի են նկատել ու զեկուցել: «Մեզ ասացին, որ հայ հատուկջոկատայիններ են, բայց հրահանգեցին ամեն դեպքում ճշտել: Ես հետախույզ էի, մոտեցանք, 40-50 մետր հեռավորության վրա զրուցեցինք ու հասկացանք, որ թուրքեր են: Այդտեղ՝ անտառում, դեմ առ դեմ մարտ սկսվեց: Մեզնից մեկը վիրավորվեց, հետ քաշվեցինք: Հետո հրետանիով էին կրակում, էլի զոհեր ու վիրավորներ ունեցանք: Գյուղացիներից մեկի մեքենայով զոհվածներից մեկի մարմինը ու ոտքը կտրված մի տղայի տարա թիկունք, որտեղ բուժկետի մեքենան էր: Վիրավոր տղային այդ մեքենայով ուրիշ երկու վիրավորի հետ տարան: Ես էլ իմ վերցրած մեքենայով զոհվածի մարմինը տարա հոսպիտալ: Ճանապարհին ոստիկաններն անընդհատ կանգնեցնում էին: Այդպես հասցրի հոսպիտալ, իսկ հետ գալիս մեքենայի տիրոջ եղբայրն ինձ կանգնեցրեց, մեքենան վերցրեց, ինձ էլ ճանապարհին թողեց»,- պատմում է Արտակը:
Արտակը նաեւ Ապրիլյան պատերազմին է մասնակցել, այն ժամանակ ժամկետային զինծառայող էր, Կարեն Ջալավյանի (Քյոխ) հրամանատարությամբ: Նրա կարծիքով այդ պատերազմն այս մեկից շատ էր տարբերվում: «Ո՞վ կմտածեր, որ այսպիսի բան կարող էր լինել: Մեր հրամանատարն էլ՝ Վարդանյան Լեռնիկը, ուժեղ մարդ էր, նրա զոհվելուց հետո մեզ մոտ ամեն ինչ խառնվեց իրար: Սրանք էլ սրան-նրան քննադատելու փոխարեն թող հողերը պահեին: Երեսուն տարի պահել էին. կերել էին, թե ինչ էին արել, բայց պահել էին: Շատերն ասում են, որ գնացել, կամավոր գրանցվել են, բայց ասել են՝ կարիք չկա: Ո՞նց կարիք չկար, Շուշիի ցմահ բանտարկյալներին էին բերել մեզ օգնության, նրանք էլ թողեցին փախան»,- վրդովված հիշում է Արտակը:
Հարցին, թե ինչ հետեւանքներ է թողնում պատերազմը, Արտակն ասում է՝ ի՞նչ կարող է լինել, երբ քեզ շատ հարազատ մարդ կողքիդ զոհվում է կամ ծանր վիրավորվում: Արտակի հետ նրա եղբայրը՝ Ստեփանը, եւ մորաքրոջ ու մորեղբոր տղաներն էլ են կռվել:
Նա հիմա ուզում է վերադառնալ Արցախ, բայց ապագայի հետ կապված մտավախություններ ունի. ոչ ոք չի կարող երաշխավորել, թե մի երկու տարի հետո ինչ կլինի: Այնտեղ մեծ ջանքերով տուն էին կառուցել, ստիպված թողել ու եկել են:
«Չորս տարեկանից էի ապրում Չարեքթարում: Հիմա էլ գնում-գալիս եմ, առանց իմ հարազատ գյուղի չեմ կարող ապրել: Շատերը մտածում են, որ ավելի լավ է մնալ այստեղ՝ Երեւանում, բայց իմ չարչարանքն այնտեղ է, ես այնտեղ տուն եմ ստեղծել: Քսան տարեկանից, երբ ծառայությունս ավարտել եմ, ամեն ինչ էլ արել եմ, որ ընտանիքիս օգնեմ»:
Արցախից Հայաստան տեղափոխվելու մասին պատմում է Արտակի մայրը՝ տիկին Զոյան: «Մենք սկզբում Տաշիրում էինք ապրում, հետո՝ 2000-ին, տեղափոխվեցինք Արցախ: Պատերազմի պատճառով էլի փախանք եկանք Տաշիր: Վարձով էինք ապրում: Տղաները դիրքերում էին: Կռվի ավարտից հետո ասացին՝ հինգ օր ժամանակ են տալիս՝ Արցախի տներից դուրս գալու, որ հանձնեն թշնամուն: Այդ ժամանակ գնացինք, ինչ կարողացանք, հանեցինք, մնացածն էլ հայերն են տարել: Հետո պարզվեց, որ Քարվաճառի շրջանից երկու գյուղ, որոնցից մեկը մեր գյուղն է, չեն հանձնելու Ադրբեջանին: Դրանք հիմա Մարտակերտի մաս են համարում, քանի որ GPS-ն այդպես է ցույց տվել։ Հիմա էլ Չարենցավանում էլի վարձով ենք ապրում, տասը հոգով՝ երկուսենյականոց բնակարանում»:
Տիկին Զոյան պատմում է, որ Հայաստանում իրենց համար ապրելը շատ դժվար է: Այստեղ աշխատանք չունեն, ստացած նպաստով տան վարձն ու կոմունալ վճարներն են մուծում: Ասում է՝ այնտեղ էլեկտրաէներգիան ավելի էժան էր, ջրի համար էլ փող չէին տալիս: Պետությունից հիմա միայն սնունդ են ստանում: «Սպասում ենք, որ մեր տունը վերանորոգվի, հետ գնանք: Անպայման գնալու ենք»,- եզրափակում է տիկին Զոյան: