ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությանը, որով պահանջվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այսօր միացել են պետական կառույցների եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներ։
Գեղարքունիքի փոխմարզպետ, ՀՀ նախկին զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հայտարարություն է տարածել՝ ասելով, որ չի հանդուրժում բանակի դեմ որեւէ ոտնձգություն։ «Այսօրվանից իմ դիմումի համաձայն հեռանում եմ Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից եւ միանում եմ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությանը եւ սատարում եմ գլխավոր շտաբի պետին»:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ներկայացրել է որպես գեներալի, զինվորականի ու հայրենասիրության բացառիկ օրինակ։ Ասլանյանը նման գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում` անդրադառնալով վերջին օրերի դեպքերին։
Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը եւս միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։
«Այն իշխանությունը, որն ունակ չէ գործել ի շահ սեփական երկրի անվտանգության, չի կարող շարունակել պաշտոնավարել»,-գրել է նա համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում եւ իր աջակցությունը հայտնել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի եւ բանակային միավորումների հրամանատարական կազմին։