Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ասել է, թե Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանը կհետեւի Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնագրին՝ անկախ Երեւանում տեղի ունեցող իրադարձություններից։
«Հույս ունենք, որ Հայաստանի ղեկավարների պատասխանատվությունը շատ մեծ կլինի։ Ինչ իրադարձություններ էլ տեղի ունենան, պետք է շարունակականություն լինի։ Ցանկացած շարժում, ցանկացած քայլ, որը կհակասի այդ համաձայնագրին, կարող է հանգեցնել մեծ ողբերգության, դա չի կարելի թույլ տալ»,- նշել է նա։
ՌԴ խորհրդի խոսնակի խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը կայունություն է բերել Անդրկովկաս։ Ըստ Մատվիենկոյի՝ եռակողմ համաձայնագիրը շատ կարեւոր էր զինված հակամարտության զարգացումը կանխելու տեսանկյունից, եւ դա ՌԴ նախագահի անձնական մեծ վաստակն է, փոխզիջումներ գտնելու եւ պայմանավորվելու նրա ունակության արդյունքը:
Դաշնության խորհրդի խոսնակը նաեւ հայտնել է, որ Ադրբեջանի օրենսդիր մարմնի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ քննարկել է հայ գերի կանանց հայրենիք վերադարձնելու հարցը։
«Հուսով եմ՝ ադրբեջանական կողմը կարձագանքի այդ խնդրանքին»,- ասել է Մատվիենկոն։