Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում (Արցախում) զինծառայողներ տեղակայելու համար՝ մի բան, որն, ըստ պաշտոնական Բաքվի՝ հակասում է անցյալ տարվա նոյեմբերի 10- ի եռակողմ համաձայնագրի դրույթներին:
Ըստ Ադրբեջանի՝ նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության ստորագրումը նախատեսում էր ռազմական բոլոր գործողությունների դադարեցում, իսկ Հայաստանի զինծառայողներին Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններ ծառայության ուղարկելը պիտի դիտվի որպես միջազգային իրավունքի նորմերի խախտում:
Պաշտոնական Բաքուն պնդում է, որ Հայաստանում գործող միջազգային լրատվամիջոցների տվյալներով՝ ՀՀ զինուժի անձնակազմը խաբեությամբ կամ բռնի ուժով էր տեղափոխվել Ղարաբաղ, ինչը բողոքի ալիք էր բարձրացրել ոչ միայն զինվորականության, այլեւ նրանց ընտանիքների շրջանում:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ եռակողմ համաձայնագրի ստորագրումը նախատեսում էր հայկական զորքերի դուրսբերում Ադրբեջանի տարածքից, ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայում, որը երաշխավորում է քաղաքացիների փոխադրամիջոցների տեղափոխման անվտանգությունը Լաչինի միջանցքի երկու ուղղությամբ:
«Այդ միջանցքի ռազմական նպատակով օգտագործումը, այն էլ գաղտնի պայմաններում, Լաչինի միջանցքի ռեժիմի կոպիտ խախտում է եւ խաթարում է խաղաղապահ առաքելության՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու ջանքերը: Ադրբեջանական կողմը Հայաստանից պահանջում է վերջ տալ իրենց զինուժի տեղակայումը Ադրբեջանի տարածքում՝ կոչ անելով միջազգային հանրությանը անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: