ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ի պատասխան ԱՄՆ նախագահի հայտարարության, թե չի ճանաչում ուկրաինական թերակղզու բռնազավթումը, ասել է. «Ղրիմի բռնազավթումը, իրոք, անհնար է ճանաչել, եւ ոչ մեկը Ղրիմի բռնազավթումից չի խոսում, որովհետեւ նման բան չի էլ եղել»:
Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Պեսկովը նշել է. «Հստակ ու անբասիր իրավաբանական գործողությունների մի ամբողջ շարք է ձեռնարկվել, դրա համար էլ ոչ մի բռնազավթում չի եղել, ու կարիք չկա այն ճանաչելու: Պետք է պարզապես ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին եւ այն փաստը, որ Ղրիմը, փառք Աստծու, արդեն բավական երկար ժամանակ Ռուսաստանի մարզերից մեկի կարգավիճակն ունի»:
Պեսկովը նաեւ հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում Բայդենը Ղրիմի հարցը չի շոշափել: