Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 5-8-ը կմեկնի Իրաք եւ Իրաքի կազմում գտնվող Հարավային Քուրդիստան: Սա պատմության մեջ Հռոմի պապի առաջին այցն է Իրաք։ Այն նախատեսված էր անցյալ տարի, սակայն համաճարակի պատճառով հետաձգվեց: Այսօր էլ, ինչպես հայտնում են վատիկանյան կայքերը, չնայած համաճարակին, Հռոմի պապը չի ուզում կրկին հետաձգել, քանի որ կարեւորում է այդ տարածաշրջանում բազում դժվարություններով անցնող քրիստոնյա համայնքի համար:
«Վատիկանի նորությունները» հրապարակել է ծրագիրը, ըստ որի՝ քահանայապետը կայցելի Իրաքի մայրաքաղաք Բաղդադ, Ուր հարթավայր, որտեղ ծնվել է Աբրահամ մարգարեն, Էրբիլ, Մոսուլ, Նինվե եւ Քարաքոշ քաղաքներ:
Ժամանման օրը՝ մարտի 5-ին, կկայանա Հռոմի պապի եւ Իրաքի վարչապետի հանդիպումը, որից հետո՝ հանդիպումներ նախագահի, դիվանագետների եւ Իրաքի քաղաքացիական իշխանության հետ:
Առաքելական ճամփորդության ընթացքում նախատեսվում է պատարագ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի մարզադաշտում կիրակի՝ մարտի 7-ին: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարզադաշտում կլինեն սահմանափակ թվով մարդիկ, հիմնականում Իրաքյան Քուրդիստանի բնակիչներ եւ Էրբիլում բնակվող փախստականներ, որոնք տեղահանվել են Մոսուլից ու Նինվեից: Մուտքի տոմսեր են ստացել նաեւ Իրաքի կրոնական թեմերը:
Պատարագը կմատուցվի հռոմեական եկեղեցու ծեսով, որի ընթացքում կհնչեն արաբերեն եւ արամեերեն շարականներ: Քարաքոշ քաղաքում Հռոմի պապը կհանդիպի ահաբեկիչների կողմից ավերված, ապա վերակառուցված Անարատ հղության հայ քույրերի միաբանության հնագույն վանքի շուրջը համախմբված հավատացյալների հետ:
Ըստ մամուլի՝ Հռոմի պապի այցին Իրաքում սպասում են ոչ միայն քրիստոնյաները, այլեւ մահմեդականները:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։