Իրանը մերժել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ միջուկային գործարքի պայմաններին վերադառնալու շուրջ ոչ պաշտոնական բանակցություններ անցկացնելու Եւրամիության առաջարկը:
Թեհրանը շարունակում է պնդել, որ բանակցությունները կվերսկսվեն միայն Վաշինգտոնի պատժամիջոցները չեղարկելուց հետո:
Իրանի ԱԳՆ-ում գտնում են, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը շարունակում է իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի «առավելագույն ճնշման» քաղաքականությունը:
«Նկատի ունենալով ԱՄՆ եւ երեք եվրոպական տերությունների վերջերս արված գործողություններն ու հայտարարությունները՝ Իրանը համարում է, որ հիմա այդ երկրների հետ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակը չէ»,- ընդգծել է Իրանի ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:
Սպիտակ տանը հիասթափված են պատասխանից, սակայն դեռ մտածում են իրավիճակի հարթման համար դիվանագիտական ուղիներ փնտրելու մասին:
Ենթադրվում է, որ շուտով հարցը կբարձրացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ վետոյի իրավունք ունեցող երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ: