Ըստ Sputnik Արմենիայի՝ ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչընդոտելու եւ անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» հայտարարության նախագիծ։
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ նախագիծը պատգամավորների ընդհանուր թվի 1/5-ի առաջարկով կքննարկվի խորհրդարանի փակ նիստում։
Հայտարարության մեջ առաջարկվում է ամրագրել, որ Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքով միջազգային հանրության հանդեպ ստանձնած պարտավորությունները, խախտելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցների պահանջները՝ թաքցնում է իր վերահսկողության տակ գտնվող հայ ռազմագերիների եւ ներկալված քաղաքացիական անձանց իրական թիվը եւ անթույլատրելի կերպով ձգձգում է նշված անձանց, այդ թվում՝ կանանց անհապաղ հայրենադարձման մարդասիրական գործընթացը, փաստացիորեն վերածելով վերջիններիս պատանդների՝ զրկված դատական պաշտպանության որեւէ արդյունավետ միջոցից:
Ադրբեջանը, շինծու քրեական հետապնդման ապօրինի գործընթաց նախաձեռնելով, փորձում է զրկել իր վերահսկողության տակ գտնվող հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց Ժնեւի կոնվենցիաներով սահմանված կարգավիճակից՝ չտրամադրելով վերջիններիս նշված կոնվենցիաներով նախատեսված իրավունքները, արտոնությունները եւ այլ երաշխիքներ:
«ՀՀ Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանում հայատյացության ու կազմակերպված թշնամանքի քաղաքականության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց հայրենադարձմանը խոչընդոտելը եւ արձանագրում, որ գերիներին չվերադարձնելու Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագիծը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի անկյունաքարային դրույթները, կոպտորեն ոտնահարում է Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ խաթարելով ժամանակակից միջազգային հարաբերությունների բուն էությունը եւ վտանգելով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային եւ տարածաշրջանային համակարգերի նկատմամբ վերաբերմունքը»,- ասված է հայտարարության նախագծում:
Առաջարկվող հայտարարությամբ Ազգային ժողովը մտադիր է բոլոր միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, միջազգային հանրությանը եւ միջազգային ու տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպություններին կոչ անել Ադրբեջանի վարքագիծը արժանացնել խիստ գնահատականի եւ դատապարտել: