ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի հրամանագրի նախագիծը:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հանրապետության նախագահը, կարեւորելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հարցի վերաբերյալ առաջացած քաղաքական ճգնաժամի հրատապ հանգուցալուծումը, հանդիպումներ է ունեցել վարչապետի, ԳՇ պետի եւ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ:
Նախագահի դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակը արդյունք է պատերազմական եւ հետպատերազմական ժամանակաշրջանում քաղաքական եւ ռազմական գործիչների տարաձայնությունների: Հրամանագրի ստորագրմանն առարկելու հիմք են նաեւ իրավական առումով խնդրահարույց մեկնաբանությունները, իրավակիրառ պրակտիկան, օրենքի հնարավոր բացը:
Նախագահը դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: