Մայրս քրիստոնյա էր, նա հավատափոխ եղավ, երբ ես դարձա մուսուլման, հորս մահից հետո էլ սկսեց գլխաշոր կրել: Ես սովոր էի ապրել ազատ կյանքով, բայց, երբեք չգիտես, կյանքը ինչ ուղղությամբ կտանի քեզ:
Երեսնամյա Սերենա Ալ Հաջը Հայաստանում ապրող սակավաթիվ մուսուլմաններից է, ում գոյության մասին մենք գրեթե ոչինչ չգիտենք: Թեեւ Սերենան շատ է սիրում հայերին ու Հայաստանը, բայց զերծ չէ մտավախությունից, որ իր կրոնական պատկանելությունը կարող է հայաստանցիներին շփոթության մատնել ու ստիպել զգուշանալ իրենից: Հենց այդ նկատառումով էլ նա գլխաշոր չի կրում ու նախընտրեց չերեւալ տեսախցիկի առջեւ:
Սերենան Հայաստանում հաստատվել է 2019-ի հոկտեմբերից, նրա ամուսինը Լիբանանից Հայաստան հայրենադարձված հայ է:
Առաջին անգամ Հայաստան այցելեց 2018-ին եւ, իր խոսքով, ուղղակի սիրահարվեց այստեղի բնությանը, մարդկանց ու մաքուր օդին: «Հայաստանում շատ են կանաչ տարածությունները, օդը մաքուր է, ամենուր խմելու ջուր է, դա իրոք հիանալի է: Հայաստանն իմ կյանքում տեսած ամենագեղեցիկ վայրերից է: Ես ապրել եմ Դոհայում ու Բեյրութում, որոնք գերաղտոտված քաղաքներ են: Հայաստանում դու անկախ քեզանից ավելի լավ ես շնչում»,-ասում է նա: Սերենան չի թաքցնում հիացմունքն այստեղի մարդկանց հանդեպ՝ նրանց բնորոշելով «համեստ» ու «ընտանիքին նվիրված»:
Մեր զրուցակիցը Հայաստանը համարում է երեխաներ ունենալու համար լավ վայր ու կցանկանար, որ իր ապագա երեխաները մեծանային այս միջավայրում ու կապվածություն զգային Հայաստանին: «Ես հույս ունեմ ապրել Հայաստանում, սովորել հայերեն ու երեխաներ ունենալ: Կցանկանամ, որ նրանք մեծանան առողջ միջավայրում, ու Հայաստանը ես համարում եմ այդպիսինը»,- ասում է նա:
Սերենան արմատներով Լիբանանից է, մայրը՝ Իրաքից է՝ քրիստոնյաների ընտանիքից, հայրը մուսուլման էր (վախճանվել է չորս տարի առաջ), ունի ավագ եղբայր եւ երկու կրտսեր քույր: «Մենք մեծացել ենք ազատ միջավայրում ու երբեք հարկադրված չենք եղել հետեւել որեւէ կրոնի: Հայրս պահպանողական մուսուլման էր, բայց, երբ մարդը հավատում է Իսլամին, նա կարծում է, որ յուրաքնաչյուր ոք ազատ է ընտրելու իր կրոնը, չես կարող ստիպել նրան դառնալ մուսուլման»,-ասում է նա:
Սերենան վերհիշում է անցյալն ու նկատում, որ ազատ կյանքով էր ապրել, հավատում էր Աստծուն կամ գուցե տիեզերական ուժին, բայց որեւէ կրոնի հետեւորդ չէր: Հետո ինչ-որ պահից սկսած ուսումնասիրել է տարբեր կրոններ՝ այդ թվում՝ Քրիստոնեությունը, բայց ի վերջո կանգ է առել Ղուրանի վրա: Ընտանիքի անդամների համար շոկային էր իմանալ, որ մուսուլման է դարձել՝ աղոթում է, Ռամադանի ընթացքում պաս պահում, դադարել է օգտագործել ալկոհոլ եւ այլն: Ամեն դեպքում՝ իրենք հարգում են միմյանց արժեքներն ու որոշումները:
Այսուհանդերձ, որպես մուսուլման Սերենան մի շարք դժվարությունների է հանդիպում Հայաստանում, որոնց մասին ոչ թե դժկամությամբ, այլ ընբռնումով ու ժպիտով է խոսում: Մինչ Հայաստան տեղափոխվելը, անհանգստանում էր, թե ինչպես է իր կրոնի կանոններով մորթված միս գտնելու, բայց որոշ ժամանակ անց գտավ «հալալ» մսի վաճառակետ:
«Ի դեպ, վերջերս մի բան եմ բացահայտել, որ Ղուրանը քրիստոնյաների մորթված միսը հալալ է համարում»,- ժպիտը դեմքին ասում է Սերենան:
Խնդիրներ են առաջանում նաեւ, երբ դրսում է սնվում: «Երբ գնում ես ռեստորան, պիտի հարցնես արդյոք ուտելիքը բեկոնով է, թե ոչ, քանի որ ես ընդհանրապես խոզի միս չեմ օգտագործում: Երբեմն մոռանում եմ հարցնել, ու մի անգամ հոթ դոգ գնեցի, որը խոզի մսից էր պատրաստված: Ռամադանին էլ մտածում էի արդյոք կկարողանամ գտնել աշխատանք, որը թույլ կտա այդ ընթացքում օրվա կեսը աշխատել: Ռամադանի օրերին, երբ ցերեկվա ժամերին սնունդ չես ընդունում, պարզապես ֆիզիկապես ի վիճակի չես լինում աշխատել, տուն գնալով կարողանում են հանգստանալ եւ ուտելիք պատրաստել: Այստեղ դու հավանաբար չես կարող ասել քո ղեկավարին, որ մուսուլման ես ու պիտի տուն գնաս: Կարծում եմ՝ նրանց արձագանքը կլինի այն, որ «դա քո խնդիրն է»,- նշում է մեր զրուցակիցը:
Չնայած, որ Հայաստանում մարդկանց մեծամասնությունը բարեհամբույր է, բայց անգլերենով շփումն արդեն իսկ պատնեշ է ստեղծում: Սերենային երբեմն թվում է, թե ինքը «ներխուժել է ուրիշների կյանք» ու մեղքի զգացում ունի հայերենին լիարժեք չտիրապետելու համար: Հայերենի իր գիտելիքներով Սերենան կարող է գնումներ կատարել, հարցնել ապրանքի գինը, վարորդին ասել՝ որ ուղղությամբ գնա, ինչը, սակայն, բավարար չէ առօրյա շփումների համար: «Այստեղ ապրող մարդիկ սիրում են շրջապատված լինել միայն հայերով, ես հասկանում եմ՝ դա պատմությունից է գալիս: Նրանք մշտապես պայքարել են իրենց ինքնությունն օտար հարձակումներից պաշտապնելու համար: Հենց դրա համար էլ ինձ մեղավոր եմ զգում: Հաճախ մտածում եմ, որ մարդիկ իմ մեջ տեսնում են մեկին, ով փորձում է իրենցից ինչ-որ բան «խլել»: Եթե ես անցած լինեի այն նույն ճանապարհով, ինչ հայ ժողովուրդը, կարծում եմ ես կատեի յուրաքանչյուր ներխուժողի: Հայերն ունեն տրավմաներ, որոնց ես չեմ ուզում դիպչել»,-անկեղծանում է Սերենան:
Սերենան պատմում է, որ երբ մայրը Հայաստան իրեն այցի էր եկել, փողոցում զգում էր, թե ինչպես են մարդիկ զննող հայացքով նայում իրենց, քանի որ մայրը գլխաշորով էր: «Կարծում եմ՝ մայրս չէր նկատում, թե ինչպես էին մարդիկ երբեմն շատ ուշադիր նայում նրան: Միգուցե այդպես չէ, միգուցե ես էի այդպես տեսնում, բայց կարծում եմ, որ նրանք իրոք ուշադիր մեզ էին նայում ու ինձ թվում էր՝ ես պիտի ներողություն խնդրեմ ու բացատրեմ նրանց, որ մայրս լավն է, նա շատ հետաքրքիր կին է, նրա ընտանիքը քրիստոնյա է: Բայց դու դա անել չես կարող, ուղղակի պիտի քայլես առաջ ու ձեւացնես, որ ոչինչ չես նկատել: Դա ցավեցնում է, որովհետեւ բոլորը մուսուլմաններին այլ աչքով են նայում»,-նշում է Սերենան:
Հարցին, արդյոք երբեւէ մտածել է գլխաշոր կրելու մասին, պատասխանում է՝ «այո», կցանկանար գլխաշորով դուրս գալ փողոց, բայց դեռ այդ որոշմանը չի եկել: Հարցը քննարկել է նաեւ ամուսնու հետ, հետաքրքրվել արդյոք դա նրա համար խնդիր չի լինի: «Նա ասաց՝ ես կսովորեմ դրան, որովհետեւ դա քո ընտրությունն է: Հարցեցի՝ իսկ քո ընտանիքն ինչ կմտածի, ասաց՝ գուցե նրանց համար էլ սկզբում անսովոր լինի, բայց ի վերջո դա քո որոշելիքն է:
«Իսկ ի՞նչ կմտածեն Հայաստանում ապրող հայերը» հարցնում եմ ինքս ինձ: Կարծում եմ՝ նրանք այլ կերպ կվերաբերվեն ինձ: Հիմա, երբ ես նրանց շրջապատում եմ, նրանք ինձ ընդունում են որպես հավասարը հավասարի, քանի որ չգիտեն իմ կրոնը ու հատկապես՝ երբ ես փորձում եմ հայերեն խոսել: Բայց երբ ես կրեմ գլխաշոր, նրանք կփոխեն իրենց կարծիքը, կուզենայի կրել, բայց ունեմ այդ մտավախությունը»,-ասում է Սերենան:
Ասում է՝ Հայաստանում շատերի համար մուսուլմանները նույնացվում են ադրբեջանցիների ու թուրքերի հետ, մինչդեռ իրենք հասարակ մարդիկ են ու հեռու քաղաքականությունից: Նա բացարձակապես համաձայն չէ այն կարծրատիպային մոտեցման հետ, թե մուսուլմաններն իրենց շրջապատի մարդկանց փորձում են հավատափոխ անել: «Ես երազում եմ այն մասին, որ կարողանամ մարդկանց հասցնել միտքը, որ իրականության մեջ իսլամը խաղաղասեր կրոն է: Մարդիկ, ովքեր կարդացել են Ղուրանը, սիրում են ե՛ւ քրիստոնյաներին, ե՛ւ հրեաներին, ե՛ւ մյուս մարդկանց»,- եզրափակում է Սերենան:
Անի Նազարյան