Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը եվրահանձնաժողովի անունից դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Ղազանչեցոց մայր տաճարի ռմբակոծումը։
Հարցը բարձրացրել էր Եվրախորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը (Կիպրոս, ԵԺԿ)՝ նշելով, որ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով պատերազմի միջազգային օրենքները, 2020-ի հոկտեմբերի 8-ին թիրախավորել եւ հարվածներ են հասցրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարին:
Եվրահանձնաժողովը հայտնում է, որ խիստ դատապարտում է Արցախի կրոնական եւ պատմական հուշարձանների ոչնչացումը եւ ընդգծում է մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման եւ վերականգնման կարեւորությունը՝ հիշատակելով կրոնական, ուսումնական եւ մշակութային կենտրոնների թիրախավորումը որպես ռազմական հանցագործություններ սահմանող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձը:
Եվրահանձնաժողովը ողջունում է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնած առաքելությունը դեպի ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի շրջաններ: Այս առաքելությունն ուղղված է հայկական մշակութային ժառանգության նախնական փաստագրական գնահատմանը: Առաքելությունը կաջակցի նաեւ հայկական մշակութային վայրերի պահպանմանն ու վերականգնմանը: