Երեւանում մի խումբ հադրութցիներ մարտի 4-ին՝ Հադրութը վերադարձնելու պահանջով ակցիա են իրականացրել Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առջեւ: Ակցիան կազմակերպել է «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպությունը։
«Մենք խնդրում եւ պահանջում ենք բոլոր դեսպանատներին մեզ վերադարձնել մեր հայրենի հող Հադրութը: Մեր հավաքի նպատակը համապատասխան բովանդակությամբ նամակ հանձնելն է ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներին: Այս ցույցերն ու ակցիաները մենք իրականացնելու ենք շարունակական՝ մինչեւ հասնենք մեր նպատակին: Այստեղ հավաքվել են նաեւ տեղահանվածներ Շուշիից, Քաշաթաղից։ Խնդիրներ շատ ունենք, բայց պահանջը հիմնականում այն է, որ մեզ վերադարձնեն մեր հայրենի հողը, որը Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի կազմում էր: Մինչ այժմ՝ մի քանի անգամ նամակներ ենք հանձնել դեսպաններին, սակայն առայժմ ոչ մի արձագանք չկա։ Այս անգամ նամակով մենք պահանջել ենք հանդիպում դեսպանի հետ, որպեսզի ներկայացնենք մեր գլխավոր պահանջը»,-նշել է «Հանուն Հադրութի» ՀԿ վարչության անդամ Իրա Թամրազյանը:
«Մենք մի քանի ճանապարհ ունենք՝ վերադարձ մեր հայրենիք, որը պետք է իրականացնենք համախումբ ուժերով: Եթե անգամ չհաջողվի, ապա Հադրութի անունը, եթե ոչ աշխարհագրորեն, ապա գոնե մեր այս համախմբվածությամբ պետք է պահպանենք»,-հավաքի ընթացքում ասել է «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրիյանը՝ տեղեկացնելով, որ կազմակերպության արցախյան թեւը՝ նույն պահանջով բողոքի ցույց է կազմակերպել նաեւ Ստեփանակերտում:
ՌԴ դեսպանատնից հադրութցիները շարժվել են Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղ նրանց հայտնեցին, որ չեն կարող ընդունել քանի որ հանդիպումը ծրագրված չէ։ Դեսպանատնից տեղեկացրին, որ շարունակ իրենց Հադրութի ներկայացուցիչներ են այցելում, եւ բազմաթիվ նամակներ են ստացել: Այսօրվա նամակը եւս ընդունվել է, եւ դեսպանն առաջիկայում կպատասխանի: Հադրութցիներին ԱՄՆ դեսպանատանը հայտնեցին, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ընդունելություն չի իրականացվում: Դեսպանատնից նրանց փոխանցեցին տվյալներ՝ էլեկտրոնային եղանակով դիմելու համար: