Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Ֆորում» ծրագրում ներառվել է ռեժիսորներ Այրին Անաստասի եւ Ռենե Գաբրիի՝ 2021-ի արտադրության «Սեւ Բախ Արցախ» ֆիլմը։ Դրա հիմքում 2007 թվականին Արցախի բնակիչների հետ արված հարցազրույցներն են։
Ադրբեջանցի եւ թուրք օգտատերերը զայրույթով են արձագանքել ֆիլմի վերնագրին եւ կողմնակալ համարել Բեռլինալեի կայքում հրապարակված համառոտ տարբերակը՝ անվանելով այն «միակողմանի պատմությամբ» «քարոզչական ֆիլմ», սակայն նրանց բողոքները չեն ազդել Բեռլինի կինոփառատոնի կազմկոմիտեի որոշման վրա․ Արցախի մասին ֆիլմը մնացել է ծրագրում։
Լեռնային Ղարաբաղի 1990-ականների հակամարտությունը ֆիլմում անվանում են «պայքար հանուն ազատության եւ ինքնորոշման», իսկ 2020-ի պատերազմը՝ «Ադրբեջանի բռնապետի ներխուժում»։ Բախի կանտատների ռիթմը կրկնող 13 ակտի բաժանված ֆիլմում բնապատկերները միահյուսված են կադրից դուրս ձայնին, որն արտացոլում է պատերազմի, ինքնության եւ պատկանելիության բնույթը։
Վիրտուալ ցուցադրությունից հետո ամռանը Բեռլինում ֆիլմը կցուցադրվի սովորական ձեւաչափով: Փառատոնի հայտարարության մեջ ասվում է, որ բոլորն անհամբերությամբ են սպասում ամռանը ֆիլմի ցուցադրմանը: