Գերմանիայի Բունդեսթագում կազմակերպվել է առցանց հատուկ քննարկում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ, որի ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել առանձին զեկույցով։
Ըստ ՀՀ ՄԻՊ գրասենյակի՝ քննարկումը տեղի է ունեցել Բունդեսթագի մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով մշտական հանձաժողովի նախագահ Միխայել Բրանդթի եւ Բունդեսթագի պետիցիոն հանձնաժողովի նախագահ Մարիան Վենդթի ղեկավարությամբ։ Քննարկմանը մասնակցել է Գերմանիայի 70-ից ավելի պատգամավոր:
Պաշտպանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հարցը:
ՄԻՊ-ը ներկայացրել է մարդասիրական ու մարդու իրավունքների ոլորտի միջազգային կանոնները, որոնք պահանջում են գերիների անհապաղ ազատ արձակում ու անվտանգ վերադարձ: Ընդ որում, միջազգային մարդասիրական իրավունքի ու գերիների իրավունքների կոպիտ խախտում է նրանց իբրեւ «ահաբեկիչներ» ներկայացնելը, քանի որ խոսքը շարունակվող զինված հակամարտության մասին է:
Պաշտպանը նաեւ ներկայացրել է տեղեկություններ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կատարած պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքների (գլխատումներ, խոշտանգումներ, մարմինների անարգանք եւ այլն) մասին:
Հայաստանի ՄԻՊ-ի հավաքագրած ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների վերաբերյալ ապացույցները ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը փոխանցել է Գերմանիայում գործող Amnesty international իրավապաշտպան կազմակերպությանը։