Լիտվացի հայտնի կինոռեժիսոր եւ պրոդյուսեր Կեշտուտիս Դրազդաուսկասը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հրապարակել է Լիտվայի ականավոր մտավորականների հայտարարությունը, որով նրանք կոչ են անում Ադրբեջանին արագացնել զոհերի մարմինների եւ ռազմագերիների ու գերեվարված անձանց վերադարձը Հայաստան.
«Մենք՝ Լիտվայի Հանրապետության մշակութային գործիչներս, միանալով փետրվարի 8-ին Լիտվայի խորհրդարանի (Սեյմաս) Հայաստանի հետ միջխորհդարանական խմբի անդամների հայտարարությանը, կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին խոչընդոտներ չստեղծել Ղարաբաղյան երրորդ պատերազմի զոհերի աճյունների, ռազմագերիների, պատանդների փոխանակման գործընթացներում ու վերջիններիս անհապաղ վերադարձնել Հայաստան: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցի բոլոր գերիներն արդեն վերադարձվել են:
Կոչ ենք անում նաեւ առաջադեմ միջազգային հանրությանը միանալու մարդասիրական այս նախաձեռնությանը եւ սատարելու Արցախում վերջին պատերազմից հետո ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը»:
Ըստ Լիտվայում, Լատվիայում եւ Էստոնիայում ՀՀ դեսպանության՝ հայտարարությանը միացել են դերասան, լուսանկարիչ, դիվանագետ Բուդրայտիս Յուոզասը, կոմպոզիտորներ Կալցոնաս Բենհարդասը եւ Շիաուչյուլիս Սաուլիուսը, օպերային երգչուհիներ Հասմիկ Գրիգորյանը եւ Միշկունայտե Վիկտորիան, ռեժիսորներ Դրազդաուսկաս Կեշտուտիսը, Կորշչունովաս Օսկարասը, Իբելհաուպտայտե Դալիան, Լանդսբերգիս Վ. Վիտաուտասը, Մատելիս Արունասը, Յեվդոկիմովաս Արթուրասը, Վաչերսկիս Ադոլֆասը եւ Ստոնիս Աուդրիուսը, նկարիչ Էիդրիգեվիչյուս Ստասյսը, երաժիշտ, դերասան Մամոնտովաս Անդրիուսը, դերասանուհի Մայնելիտե Վայվան, դաշնակահար, դերասան Ստորպիրշտիս Գեդիմինասը, բանաստեղծ, հրապարակախոս, գրականագետ, պրոֆեսոր Վենցլովա Թոմասը: