2020-ին Ռուսաստանը, իր տարածքում հսկիչ տեսախցիկների քանակով, աշխարհում երրորդն էր: Տեղեկատվական եւ վերլուծական TelecomDaily գործակալության վերջերս անցկացրած ուսումնասիրության համաձայն՝ 2020-ին ՌԴ-ում հսկիչ տեսախցիկների քանակը հասել է 13 միլիոնի: Ավելի շատ ունեն միայն Չինաստանն ու ԱՄՆ-ն՝ համապատասխանաբար երկու հարյուր եւ հիսուն միլիոն տեսախցիկ: Հազար մարդու հաշվով հսկիչ տեսախցիկների քանակով Ռուսաստանը դարձյալ երրորդ տեղում է` Միացյալ Նահանգներից ու Չինաստանից հետո:
Ըստ հետազոտության, Ռուսաստանում հսկիչ տեսախցիկների ավելի քան կեսը (գրեթե 8 միլիոն) մասնավոր առեւտրային կազմակերպություններում են, մեկ երրորդը՝ (շուրջ 4.5 միլիոն)՝ դպրոցներում, հիվանդանոցներում եւ պետական հաստատություններում, որոնք գնվել են պետական միջոցներով: Մնացածը գնել են անհատները (1.1 միլիոն):
Շատ երկրների իշխանություններ պնդում են, որ հսկիչ տեսախցիկները կարող են նվազեցնել հանցագործությունների թիվը, բարձրացնել հանրային անվտանգության մակարդակը կամ օգնել երթեւեկությանն առնչվող հարցերում: Մյուս կողմից, հանրային վայրերում մարդու անձնական տվյալների գաղտնիության եւ այդ տվյալների ճիշտ օգտագործման հետ կապված մտավախություններ կան:
Տարիների փորձարկումներից հետո 2020-ի հունվարին Ռուսաստանը սկսեց գործարկել տեսանույնականցման համակարգը: Նման տեխնոլոգիաներ ավելացվեցին Մոսկվայում տեղադրված ավելի քան 100 հազար հսկիչ տեսախցիկների վրա: Այսպիսով, երբ համաճարակը նոր էր սկսվում, ՌԴ-ն արդեն կարող էր տեսնել՝ արդյո՞ք մարդիկ հետեւում են հակահամաճարակային կանոններին:
2019-ին Ռուսաստանը տեսանույնականացման տեխնոլոգիաների համար ծախսել է ավելի քան 53 միլիոն դոլար: Ըստ «MBH Media»-ի զեկույցի՝ 2020-ին 35 միլիոն դոլար էլ Մոսկվայի քաղաքապետարանն է ծախսել այդ նպատակով:
2020-ի հունիսին Ռուսաստանը «Օրվել» տեսանույնականացման համակարգի պայմանագիր է կնքել իր բոլոր՝ ավելի քան 43.000 դպրոցներին նմանատիպ սարքերով ապահովելու համար: Իշխանությունների պնդմամբ՝ դա արվել է երեխաների շարժը հսկելու եւ դպրոցի տարածքում օտար անձանց նույնականացնելու համար:
Ռուսաստանի ոստիկանությունը նույնպես համակարգ է մշակում, որը կարող է մարդկանց նույնականցնել դաջվածքների, ձայնի, շարժումների միջոցով: Մարդուն քայլվածքով հնարավոր է նույնականացնել մինչեւ 50 մետր հեռավորությունից, նույնիսկ եթե նա դեմքով դեպի տեսախցիկը կանգնած չէ:
Ելնելով այն հանգամանքից, որ վերահսկողական տեխնոլոգիաները հիմնված են տվյալների բազաների վրա, ՌԴ-ում մտադիր են մատնահետքերի, դեմքի եւ այլ կենսաբանական տվյալների բանկ ստեղծել: Նախատեսվում է հաջորդ 3 տարվա ընթացքում տվյալներ կուտակել թե՛ տեղացիների, թե՛ օտարերկրացիների վերաբերյալ:
Ի դեպ, Մոսկվայում տեսանույնականացման համակարգի գործարկումից հետո եղել են զեկույցներ տվյալների արտահոսքի մասին: Այսպես, օրինակ, թվային հարթակում իրավունքների պաշտպանության «Ռոսկոմսվոբոդա» կազմակերպությունն արձանագրել է դեպքեր, երբ Մոսկվայի բնակիչների տվյալները հասանելի են եղել առցանց հարթակներում:
Տվյալների գաղտնիության ապահովման տեսանկյունից իսկապես խնդիր կա: Կա նաեւ մտավախություն, որ տեսանույնականացման տեխնոլոգիաները կարող են օգտագործվել հակակառավարական ցույցերի մասնակիցներին նույնականացնելու նպատակով:
Պատրաստեց Անուշ Իգնատյանը