Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն մարտի 5-ին Die Welt-ին տված հարացազրույցում ասել է, որ աշխարհը համավարակը կհաղթահարի 2022-ի սկզբին, թեեւ դա չի նշանակում, թե կորոնավիրուսը կանհետանա:
Նա ընդգծել է, որ այժմ հնարավոր է դարձել ավելի լավ կանխատեսել իրադարձությունները եւ կառավարել դրանք:
«Մեկ տարի անց մենք շատ ավելի բան գիտենք, ունենք գործիքներ, ախտորոշման ծրագրեր, պատվաստում: Սկզբում միշտ պահանջարկը գերազանցում է առաջարկին: Չի կարելի միանգամից պատվաստել ամբողջ մոլորակի բնակիչներին»,- նշել է Կլյուգեն՝ հորդորելով համբերատար լինել պատվաստման հարցում:
Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել է 2019-ի դեկտեմբերի վերջին Հուբեյի նահանգում (Կենտրոնական Չինաստան): Անցյալ տարվա մարտի 11-ին ԱՀԿ-ն այն ճանաչել է համավարակ: