Հայաստանի հանրային ռադիոն հաղորդում է, որ փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի Թուրքիա այցից հետո Վրաստանում ակտիվացել են Երեւանին ու Բաքվին երկխոսության հարթակ տրամադրելու եւ «3+3» ձևաչափով համագործակցության մասին քննարկումները։
Զալկալիանին պաշտոնական այցով Անկարայում էր թուրք գործընկերոջ հրավերով․ այցի օրակարգային հարցերը երկկողմ հարաբերությունների զարգացումն ու տարածաշրջանային նոր իրողություններ էին։
Անկարայում Վրաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թբիլիսին հարեւանների համար կարող է դառնալ հակամարտությունը վերջնականապես կարգավորելու երկխոսության հարթակ։
Վրացական լրատվամիջոցները գրում են, որ Վրաստանի արտգործնախարարին թուրք գործընկերն Անկարա էր հրավիրվել՝ համոզելու մասնակցել «3+3» ձեւաչափով համագործակցությանը։
Հարավկովկասյան երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ տարածաշրջանի մյուս երեք երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի միջեւ համագործակցության հարթակ ձեւավորելու մասին առաջին անգամ պատերազմի ավարտից հետո խոսել է Թուրքիան։
Զալկալիանին եւս մեկ անգամ շեշտել է, որ Վրաստանը մտադիր չէ մասնակցել մի համագործակցության, որում ներկայացված է նաեւ Ռուսաստանը։ Նա նաեւ ընդգծել է՝ հարավկովկասյան տարածաշրջանի ապագան պետք է որոշեն հարավկովկասյան երեք երկրները։