«Միջազգային քրիստոնեական հոգածություն» (International Christian Concern) կազմակերպությունը հայտարարել է, որ 2021 թվականի մարտի 3-ին Թուրքիայի կառավարության կապի վարչությունը երեք լեզուներով հրապարակել է 290 էջանոց զեկույց, որում նկարագրվում է Թուրքիայի դերը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի աշնանը տեղի ունեցած 44-օրյա պատերազմում։
Թուրքիայի կառավարությունն այս վերլուծությունն օգտագործում է ղարաբաղյան պատերազմում իր գործողություններն արդարացնելու նպատակով։ Հարկ է նշել, որ ցանկացած պատմական վերլուծություն կարող է միայն համատեքստ ապահովել, սակայն չի կարող արադարացնել մարդու իրավունքների ներկայիս եւ շարունակական ոտնահարումները։
Թուրքական զեկույցում նշվում է, որ հակամարտությունը եղել է «օրինականության սահմաններում՝ չթիրախավորելով քաղաքացիական բնակավայրերը»։ Սակայն միջազգային շատ կառույցներ հաստատել են, որ թուրք-ադրբեջանական ուժերը թիրախավորել են հենց քաղաքացիական բնակավայրեր։ Նրանք լայնածավալ եւ անհամաչափ ուժ են կիրառել Լեռնային Ղարաբաղում՝ օգտագործելով նաեւ միջազգայնորեն արգելված կասետային եւ քիմիական զենքեր (սպիտակ ֆոսֆոր)։
Միջազգային մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Կոլումբիայի համալսարանի հետազոտությունները վկայում են, որ Թուրքիան արցախյան պատերազմի ընթացքում օգտագործել է սիրիացի ջիհադիստ վարձկանների, որոնք հավաքագրվել են մասնավորապես քրիստոնյաներին սպանելու նպատակով։
«Միջազգային քրիստոնեական հոգածություն» կազմակերպությունը Միացյալ Նահանգների կառավարությունից պահանջում է ֆինանսական առաջիկա հատկացումների շրջանում ճանաչել Լեռնային Ղարաբաղի պատերազմում Թուրքիայի խաղացած բացասական դերը։ ԱՄՆ-ի միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը պետք է հստակ դիրքորոշում հայտնի «Գորշ գայլեր» թուրք-իսլամական ազգայնական շարժման վերաբերյալ` դիտարկելով այն որպես կրոնական ազատությունների տեսանկյունից առանձնահատուկ մտահոգության առարկա։
ՄՔՀ-ն այս հակամարտության բնույթն առավել մանրամասն ներկայացրել էր ավելի վաղ՝ «Ցեղասպանության անատոմիան ղարաբաղյան 44-օրյա պատերազմում» զեկույցով:
Պատրաստեց Լիանա Մարկոսյանը