Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ Թրանսփերնսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Հելսինկյան ասոցիացիան, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը եւ այլ միավորումներ, կազմել են զեկույց՝ ուղղված միջազգային կազմակերպություններին (ՄԱԿ, Եվրախորհուրդ, ՆԱՏՕ, ԵԱՀԿ եւ այլն):
Զեկույցը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության նախապատմությունը, Ադրբեջանի՝ Հայաստանի հանդեպ խտրական վերաբերմունքը եւ 2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում գործած պատերազմական հանցանքները:
Հայերի հանդեպ ռասայական խտրականության, հայատյացության տարբեր ձեւեր կանոնավոր կերպով գրանցվել են ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման հանձնաժողովի կողմից, Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի զեկույցներում եւ այլն:
Հայերին որպես անմարդկային եւ դիվական արարածներ ներկայացնելը, ինչն արվում է նաեւ պետական մակարդակով, հայերի մասին սխալ կարծրատիպեր ստեղծելու եւ տարածելու ադրբեջանական քարոզչության միջոց է: Ադրբեջանցիների ատելության խոսքերն ուղղված են նույնիսկ հայ երեխաներին, եւ նրանց երեխաներն անգամ ատելությամբ են լցված հայերի հանդեպ: Այդ ատելությունը վերածվել է թշնամական գործողությունների, սպանությունների եւ պատերազմական հանցագործությունների: 2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմից հետո Ադրբեջանը նույնիսկ մեդալով պարգեւատրել է Կեմիլ Զեյնալիին, որը 2020 թվականի հուլիսին Մոսկվայում հայերի վրա հարձակման կազմակերպիչներից էր:
Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը ներառում է նաեւ հայկական մշակութային ժառանգության բնաջնջումը: Պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերը միտումնավոր ռմբակոծել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին՝ 19-րդ դարի հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը, պատերազմից հետո՝ Կանաչ ժամ կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: 2020 թվականի նոյեմբերի 10-ի զինադադարի հայտարարումից հետո ադրբեջանցիները նաեւ սրբապղծել են Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը փորձում է դուրս բերել բռնազավթված Շուշիի երեք թանգարանների հավաքածուները, այդ թվում՝ Շուշիի պատմության թանգարանի 200 հուշարձանները, մոտ 800 նկարները, Գեղեցիկ արվեստների թանգարանի գրաֆիկական աշխատանքներն ու քանդակները եւ Երկրաբանության թանգարանի 700 նմուշները: Մինչեւ այժմ, սակայն, ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները որեւէ արդյունք չեն տվել: Մտավախություն կա, որ հավաքածուների մեծ մասը ադրբեջանցիների կողմից կյուրացվի, մնացած մասն էլ կոչնչացվի:
Հայերի հանդեպ ատելության ու բռնության կոչերը ադրբեջանական ու թուրքական լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում իրենց գագաթնակետին հասան պատերազմի օրերին: Արցախի քաղաքացիական բնակչության հանդեպ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները բացահայտեցին էթնիկ զտում իրականացնելու նրա մտադրությունը:
Վայելելով Հյուսիսատլանտյան դաշինքի երկրորդ ամենախոշոր ռազմական ուժն ունեցող Թուրքիայի աջակցությունը՝ Ադրբեջանը օգտագործում էր կասետային ռումբեր, ԱԹՍ-ներ, պարբերաբար ռմբակոծում էր խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, դպրոցներն ու հիվանդանոցները, այդ թվում՝ մի ծննդատուն, եւ այլն: Ադրբեջանը/Թուրքիան կիրառում էր Ժնեւի կոնվենցիայով արգելված սպիտակ ֆոսֆորային զենք, որի հետեւանքով այրվել են բնակելի վայրերին մոտ գտնվող՝ գյուղերից տեղահանվածների համար ապաստարան ծառայող անտառներ: Օգտագործված քիմիական զենքի պատճառով տասնյակ մարդիկ մահացել ու ծանր վիրավորվել են:
Թուրքիայից բերված վարձկաններին, ամսական 2000 դոլար աշխատավարձից բացի, 100 դոլար հավելավճար էին խոստանում հայերին գլխատելու համար, ինչպես խոստովանել է Արցախի պաշտպանության բանակի գերեվարած սիրիացի վարձկանը:
Ավելի քան 120 հայ զինվորներ ու քաղաքացիներ (առնվազն երկու կին) գերեվարվել են, նրանց մի մասը ենթարկվել է ֆիզիկական բռնության ու ստորացման: Ադրբեջանը, սակայն, թաքցնում է հայ գերիների իրական թիվը: Առնվազն 62 հոգի գերեվարվել է խաղաղապահների վերահսկած տարածքներում նոյեմբերի 10-ի զինադադարից հետո: Նրանց որակել են որպես ահաբեկիչներ ու մերժել են վերադարձնել՝ նպատակ ունենալով նրանց դեմ ռազմական հանցագործությունների մեղադրանք ներկայացնելու: Ադրբեջանի սոցիալական մեդիան հեղեղված է հայ զինվորների ու գերիների խեղված մարմինների ցուցադրություններով: Պատերազմի ավարտից հետո էլ շատ հայ գերիներ չեն վերադարձվել, թեեւ նրանց վերադարձը երաշխավորված է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների ստորագրած համաձայնագրով:
Զեկույցում ներկայացվում են նաեւ Ադրբեջանի գործած այլ դաժանություններ՝
- 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հադրութում առնվազն չորս քաղաքացիական անձի սպանությունը,
- 2020 թվականի հոկտեմբերի 15-ին տարածված տեսանյութից հայտնի 73-ամյա Բենիկ Հակոբյանի եւ 25-ամյա Յուրի Ադամյանի սպանությունը,
- հայ զինծառայողի գլխատումը ադրբեջանցի սպայի կողմից, որն իր մտադրության մասին 2020 թվականի հոկտեմբերի 16-ին տեղեկացրել էր գլխատված տղայի եղբորը,
- բազմաթիվ տեսանյութերից հայտնի հայ գերիներին ծեծի ենթարկելու դեպքեր, երբ նաեւ նվաստացնելով ստիպում են նրանց հակահայկական խոսքեր ասել:
2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմից հետո Ալիեւի ելույթներն ավելի ամբարտավան, ստորացուցիչ ու սպառնալից են դարձել: Իսկ 2020 թվականի դեկտեմբերի 10-ին Էրդողանը Բաքվում ռազմական շքերթի ժամանակ փառաբանել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության եւ 1918 թվականի սեպտեմբերին Բաքվում հայերի ջարդերի կազմակերպիչներին:
Զեկույցը վերոնշյալ միջազգային կազմակերպություններին հորդորում է օգտագործել իրենց լիազորությունները՝ ստիպելու Ադրբեջանին դադարեցնել հայ գերիների կյանքին եւ որպիսությանը սպառնացող գործողությունները, հայատյաց վերաբերմունքն ու քայլերը: Միջազգային կազմակերպությունները պիտի գործեն արդյունավետորեն՝ ապահովելու Արցախի հարցի երկարաժամկետ ու կայուն լուծում:
Պատրաստեց Անուշ Իգնատյանը