Գերմանական «Welt am Sonntag» («Կիրակնօրյա աշխարհ») պարբերականը գրում է, որ Գերմանիայի ՊՆ-ն ներքին սպառման համար նախատեսված զեկույցում տագնապ է արտահայտել Ռուսաստանից եւ Չինաստանից եկող սպառնալիքի եւ նրանց ռազմական հնարավորությունների ընդլայնման մասին:
Գերմանիայի ռազմական փորձագետներին անհանգստացնում է, մասնավորապես, «Ռուսաստանի կողմից գործողության հեռահար շառավիղ ունեցող հիպերձայնային գերճշգրիտ, գրեթե անորսալի հրթիռների արտադրությանը զարկ տալը», ինչպես նաեւ «իբրեւ առաջնահերթություն՝ միջուկային հզորության արդիականացումը»:
Գերմանիայի ՊՆ-ի գնահատմամբ՝ ներկայում Մոսկվայի տրամադրության տակ մոտ 6 375 ատոմային մարտագլխիկ կա:
Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Գերմանիայի ռազմական գերատեսչությունում համարում են, որ 840-հազարանոց ռուսաստանյան բանակը հիանալի ռազմական պատրաստվածություն ունի եւ ընդունակ է գերազանցության հասնելու ու սահմանափակ ժամանակահատվածում արագ տեղաբաշխվելու որոշակի տարածքում:
Գերմանիայի ռազմական փորձագետները ենթադրում են, որ, անշուշտ, ռուսական զինուժը նկատելի թերություններ էլ ունի:
Նրանց գնահատմամբ՝ ռուսներին առաջին հերթին չեն բավարարում անօդաչու թռչող սարքերը (թեեւ 2012-ից ռուսական բանակը ստացել է ավելի քան 900 անօդաչու թռչող սարք), բացի դրանից, ռուսական զինված ուժերը համաշխարհային մասշտաբի երկարատեւ ռազմածովային գործողությունների ժամանակ սահմանափակ հնարավորություններ ունեն:
Գերմանական զեկույցում տեսակետ է հնչում, որ Ռուսաստանը «ապակայունացման եւ ՆԱՏՕ-ի թուլացման նպատակ է հետապնդում»:
Զեկույցում արձանագրվել է նաեւ չինական սպառնալիքի գնահատականը: Ըստ այդմ, Չինաստանը տարեցտարի գերազանցում է Ռուսաստանին գլոբալ ազդեցության, այդ թվում՝ զենքի վաճառքի եւ ռազմական համագործակցության առումով:
Չինական բանակում ծառայում է 2 միլիոն զինվորական, այդ երկիրն իր սպառազինությունում ունի 6 850 տանկ եւ 1600 կործանիչ, ինչպես նաեւ տիրապետում է աշխարհում ամենախոշոր հրթիռային, այդ թվում՝ գերձայնային հրթիռների ներուժին:
Միեւնույն ժամանակ, Պեկինը պարբերաբար ընդլայնում է իր միջուկային սպառազինությունը եւ ունի հարվածային անօդաչուների խոշոր լրակազմ: Գերմանիայի ռազմական փորձագետները հիշեցրել են նաեւ, որ Չինաստանն առավել ակտիվ գործունեություն է ծավալում տիեզերքում:
Գերմանական զեկույցում, իբրեւ չինական բանակի թերություն, նշվել են զինվորական կադրերի անբավարար պատրաստվածությունը, ինչպես նաեւ ռազմածովային ուժերի եւ օդուժի միջեւ գործողությունների թույլ համաձայնեցվածությունը: