20-րդ դարի կեսերի երկբևեռ աշխարհում Իրանը ԱՄՆ-ի դաշնակիցն էր եւ ընթանում էր կապիտալիստական զարգացման հունով: 1963 թվականի Սպիտակ հեղափոխության ռեֆորմների արդյունքում Իրանն ընթացավ արագացված ինդուստրիալիզացման ճանապարհով եւ Իրանի հասարակական հարաբերությունները սկսեցին արեւմտականացվել: Փոխվում էին հողային հարաբերությունները, աշխարհիկանում էր կրթահամակարգը, կանանց տրամադրվում էին իրավունքներ եւ արտոնություններ. Իրանը կիսաավատական հասարակարգից կտրուկ թռիչք կատարեց դեպի կապիտալիզմ, որն իր հերթին խնդիրներ բերեց: Տնտեսական ոլորտի արդիականացումը տեղի էր ունենում ոչ համամասնական կերպով, եւ փաստացի շահական Իրանը դրաձել էր մոնոպոլիստական, օլիգարխիկ պետություն, որում տնտեսության ռազմավարական ճյուղերը կենտրոնացել էին շահի եւ նրա շրջապատի ձեռքերում: