Միջազգային ոչ կառավարական Freedom House կազմակերպությունը, ուսումնասիրելով աշխարհում ազատությունների մակարդակը, հրապարակել է 2020-ի արդյունքները: Իրավապաշտպաններն արձանագրում են, ժողովրդավարության մակարդակը շարունակում է անկում ապրել, իսկ համաշխարհային հավասարակշռությունը թեքվում է բռնակալության կողմը:
«Գործող առաջնորդներն ավելի հաճախ են դիմել ուժի՝ երբեմն հանուն բնակչության առողջության, երբեմն էլ՝ ընդդիմախոսներին հաղթելու եւ հաշիվ մաքրելու նպատակով, այն դեպքում, երբ հետապնդվող եւ միջազգային արդյունավետ աջակցությունից զուրկ ակտիվիստներին շատ դեպքերում երկարաժամկետ ազատազրկում, կտտանքներ կամ սպանություններ են սպառնացել»,–ասված է հաշվետվությունում:
Ըստ զեկույցի հեղինակների, ժողովրդավարության մակարդակն արդեն տասնհինգերորդ տարին անընդմեջ անկում է ապրում: 73 երկրում արձանագրվել է ժողովրդավարության եւ ազատության մակարդակի նվազում, այն դեպքում, երբ 2006-ից ի վեր ընդամենը 28 երկրում է ժողովրդավարության մակարդակի աճ արձանագրվել:
Ընդհանուր առմամբ 195 երկրից 82-ը (որտեղ բնակվում է մոլորակի բնակչության 20 տոկոսը), ճանաչվել է «ազատ». դրանց թվում են Արեւմյան, Հյուսիսային, Կենտրոնական Եվրոպայի, Մերձբալթյան, Հյուսիսային Ամերիկայի երկրները, Բոստվանան, Նամիբիան, ՀԱՀ-ը, Մոնղոլիան, Հարավային Կորեան, Ճապոնիան, Թայվանը եւ Իսրայելը:
«Մասամբ ազատ» են ճանաչել 59 երկիր, որոնց թվում՝ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, ինչպես նաեւ Հունգարիան, Սերբիան, Մեքսիկան, Կոլումբիան, Քենիան, Հնդկաստանը, Նիգերիան, Մարոկկոն, Կոլումբիան:
Freedom House-ի փորձագետները «անազատ» են ճանաչել 54 երկիր, դրանց թվում՝ Ռուսաստանը, Բելառուսը, Կենտրոնական Ասիայի բոլոր երկրները, Ադրբեջանը, Եգիպտոսը, Չիանստանը, Ասիայի եւ Աֆրիկայի շատ երկրներ: