Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Կալինը «Bloomberg»-ին տված հարցազրույցում ԱՄՆ-ին զգուշացրել է, որ ռուսական C-400 հրթիռների գնման պատճառով իրենց երկրի վրա ճնշումները կարող են հանգեցնել հակահարվածի:
«Եթե այլ պետություն մեզ հետ խոսում է մաքսիմալիստական դիրքից եւ «կամ իրենց ասածով կլինի կամ չի լինի» կարգի պահանջ ներկայացնում, նման վերաբերմունքը մեզ դրդում է այլ քայլերի»,- հավելել է Էրդողանի մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնը Թուրքիայից պահանջել է հրաժարվել ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի գործարքից, փոխարենը գնել ամերիկյան Patriot համակարգեր՝ սպառնալով հետաձգել կամ նույնիսկ չեղարկել նոր սերնդի F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաեւ պատժամիջոցներ կիրառել՝ համաձայն CAATSA-ի («պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու» մասին օրենքի):
Անկարան հրաժարվել է զիջումների գնալուց եւ շարունակել բանակցությունները C-400-ի լրացուցիչ խմբաքանակի շուրջ: