Բեյրութի Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, համալսարանի «Հայագիտական հանդեսի» խմբագիր, քաղաքագիտության դոկտոր Անդրանիկ Դաքեսյանը, անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական ճգնաժամին, ասում է, որ ստեղծված վիճակը երկարաժամկետ, բազմաբնույթ ու անկանխատեսելի վնասներ ու վտանգներ է պարունակում, որոնցից մեկը Հայաստանի ամբողջովին ինքնամեկուսացումն է միջազգային բեմահարթակից:
«Պատերազմի հետեւանքները քաղաքագիտական տեսության առումով թելադրում են, որ իշխանությունը վերաձեւավորվի խորհրդարանական նոր ընտրություններով: Կրկին ըստ քաղաքագիտական տեսության՝ պարտությունը ներքաղաքական կյանքում անկյունադարձ է, այն նոր էջ է բացում: Եվ առիթ է ժողովրդի համար, որ նա կանխահաս կերպով վերատեսության ենթարկի քվեով հայտնած իր վստահությունը: Ստեղծված նոր իրականությունը, նոր քաղաքականությունը հանրային նոր ծրագրեր են պահանջում, որոնց համար ժողովուրդը չի քվեարկել: Նոր իրականության բերած նոր ծրագրերը պետք է մշակվեն եւ ներկայացվեն ընտրապայքարում, որի հիման վրա էլ ժողովուրդը կքվեարկի: Թերեւս ժողովուրդը վերստին ընտրի նախորդ իշխանությանը, բայց պարտությունից հետո իշխանությունը խիստ կարիք ունի վերաօրինականացվելու: Եվ դա կարող է լինել միայն խորհրդարանական ընտրություններով»:
Անդրանիկ Դաքեսյանը հրապարակներում իշխանության եւ ընդդիմության հրավիրած հանրահավաքները՝ հավասարազոր չի համարում. «Մեկը պետության գլխին կանգնած իշխանություն է, մյուսը՝ ընդդիմություն: Յուրաքանչյուրն իր դիրքի եւ հանգամանքների բերումով իր լծակներն ունի դիմացինին հակահարված տալու: Եթե ընդդիմությունը խորհրդարանում գրեթե հնարավորություն չունի ինքնիրեն դրսեւորելու, ապա պարտադիր է, որ փողոցում համապատասխան որակով, լրջությամբ եւ հռետորաբանությամբ հանդես գա: Իսկ իշխանությունը, տեսնելով, որ խորհրդարանական իր գերակշռությունը բավարար չէ հաղթելու ընդդիմությանը, պարտավոր է օգտագործել իր մյուս լծակը՝ խորհրդարանական կանխահաս ընտրությունները»:
«Ալիք մեդիա»-ի հարցին, թե արդյոք քննարկվո՞ւմ է հայաստանյան քաղաքական վիճակը լիբանանահայության շրջանում, Անդրանիկ Դաքեսյանը պատասխանում է. «Հանրային քննարկումներ չկան: Կան, հավանաբար, միութենական նեղ շրջանակներում, եւ դրանք ոչ թե քննարկումներ են, այլ ավելի շուտ՝ խոսակցություններ: Բայց նկատի պետք է ունենալ, որ Հայաստանի ներքաղաքական այս ճգնաժամը անդամալուծել է ամբողջ հայությունը: Հետեւաբար խնդրին անմիջականորեն առնչվող ուժերը պատմական պատասխանատվություն ունեն հայության՝ վերջին ամիսների նկարագիրը բարելավելու հարցում: Եթե չկարգավորեն, ապա հաստատած կլինեն իրենց բացարձակ ապիկարությունը, անպատասխանատվությունն ու անփութությունը հայության հանդեպ»:
Ըստ նրա՝ ճգնաժամը հաղթահարելու առաջին պայմաններից է սառը տրամաբանությունը. «Երկուստեք ծավալվող ամբոխավարական ու զգացական բառերից պետք է դուրս գալ եւ բառերը տարազավորել քաղաքական բառապաշարով, որովհետեւ առկա տագնապները քաղաքական բնույթ ունեն: Եւ քանի որ կողմերից ոչ մեկն այնքան ուժեղ չէ, որ կարողանա հաղթել մյուսին, եւ ոչ էլ այնքան թույլ է, որ չկարողանա դրսեւորվել, ուրեմն անհրաժեշտ է կանխահաս ընտրություններով լուծման տանել այս երկարատեւ թնջուկը, որ անդամալուծել է Հայաստանի Հանրապետությունը, զանազան բաժանարար գծեր է առաջացրել ՀՀ բնակչության բոլոր խավերի միջեւ»:
Ճգնաժամը հաղթահարելու երկրորդ կարեւոր պայմանը, ըստ մեր զրուցակցի, խնդիրները չսեփականացնելն ու չանձնականացնելն է: «Իսկ երրորդ պայմանը այն է, որ մենք կարողանանք տեսնել, թե այս երկարող տագնապն ինչպես է ավերներ գործում երկրում: Երկիրն ավելի մեծ է, քան մենք՝ առանձին-առանձին եւ բոլորս միասին: Հետեւաբար երկրի եւ պետականության շահերը պետք է գերադասվեն ամեն-ամեն ինչից»:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։