Ֆրանսիական AgoraVox պարբերականը գրում է, որ նախկին իշխանությունների հանդեպ դժգոհությունը Նիկոլ Փաշինյանին օգնեց դառնալու Հայաստանի վարչապետ. «Այդ ժամանակ նրան արագ հաջողվեց շահել Եվրոպայի եւ ԱՄՆ-ի աջակցությունը: Ճակատագրի հեգնանքով, հանրային դժգոհությունն այսօր արդեն գուցե նրա հրաժարականի պատճառ դառնա, քանի որ նույն ԱՄՆ-ն ու Եվրոպան ի զորու չեն կայունացնելու իրավիճակը Հայաստանում, եւ Արեւմուտքի ներկա պահվածքը նրանց է՛լ ավելի երեսպաշտ է դարձնում»:
Անպտուղ քաղաքականության, ընդդիմության ճնշումների եւ վիճելի փոխատեղումների տարիները չնպաստեցին Փաշինյանի վարկանիշի աճին: Այսօր ավելի ու ավելի շատ հայեր են պահանջում նրա հրաժարականը, բայց Փաշինյանը համառորեն կառչել է աթոռին՝ երկիրը քաոսի հորձանուտ մղելով:
Հոդվածի հեղինակ Իթան Ռոֆֆեն նշում է, որ ճգնաժամի պատճառը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հակամարտությունն էր: Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ զինված բախմանը վաղուց էին սպասում, մինչդեռ դրան անպատրաստ դուրս եկան միայն հայկական իշխանությունները:
Ադրբեջանն օգտվեց Թուրքիայի լիակատար աջակցությունից: Այդ իրավիճակում Հայաստանն ապավինում էր Ռուսաստանին, սակայն Կրեմլը որոշեց կարգավորել իրավիճակը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրով, որով հայերին պարտադրվում էր առանց դիմադրության զիջել հողերի զգալի մասը:
Համաձայնագիրը Հայաստանում ընկալվեց իբրեւ կապիտուլիացիա: Եվ համազգային միասնության փոխարեն Փաշինյանը, պարտության պատճառ փնտրելով [ռուսական զենքի անարդյունավետության եւ զինվորական վերնախավի թերացումների մասին հայտարարություններով], բանակի պաշտոնյաներից ոմանց հեռացնելու հրաման արձակելով՝ ավելի խորացրեց պառակտումն ու երկրի զինվորական վերնախավին լարեց իր դեմ։ Վերջինս միացավ վարչապետի հրաժարականի պահանջին, ինչը Փաշինյանը որակեց ռազմական հեղաշրջման փորձ:
Ըստ հոդվածագրի՝ իրավիճակը Հայաստանում գրեթե դուրս է եկել վերահսկողությունից, Փաշինյանն էլ՝ աջուձախ սպառնալիքներ տեղալուց բացի երկիրը ճգնաժամից հանելու ոչ մի ծրագիր չունի:
Հոդվածի հեղինակը համեմատում է Հայաստանի եւ Վրաստանի հանդեպ ԱՄՆ դիրքորոշումները:
Եթե ԱՄՆ դեսպանատունը Երեւանում կողմերին ընդամենը զսպվածության եւ բռնի ուժի չդիմելու կոչ է անում, ապա վրացի ընդդիմադիր գործիչ Նիկա Մելիայի ձերբակալության առիթով Թբիլիսիում ԱՄՆ դեսպանությունն այդ արարքը գնահատեց որպես հետքայլ ժողովրդավարական ուղուց։
Պարբերականը նշում է, որ թե՛ Վրաստանը, թե՛ Հայաստանը զգում են ժողովրդավարական ինստիտուտների ուժը, սակայն վրացական քաղաքական վերնախավը բախվում է որոշակի սպառնալիքների, այն դեպքում, երբ Փաշինյանը սոսկ մարտավարական կոչեր է լսում:
«Ինչո՞վ է վրացական իրավիճակը տարբերվում հայկականից: Նախ նրանով, որ Փաշինյանը հստակ վայելում էր արեւմտյան գործընկերների աջակցությունը, մինչդեռ Վրաստանի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին նման աջակցություն չուներ: Ինչեւիցե, Հայաստանի վարչապետի նկատմամբ ներողամիտ վերաբերմունքում կա մեկ այլ, առավել տագնապալի պատճառ»,- գրում է հոդվածագիրը:
«Ինչ էլ ասելու լինենք,-նկատում է հեղինակը,- Լեռնային Ղարաբաղում (Արցախում) խաղաղության հաստատումը Կրեմլի վաստակն է: Թեպետ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը հակամարտության կարգավորման երաշխավորներն էին, նրանք բավարարվեցին ձեւական հայտարարություններով: Ավելին, ճնշում չգործադրեցին [պատերազմի ժամանակ] Ադրբեջանին ռազմական տեխնիկա եւ էժան վարձկաններ մատակարարող ՆԱՏՕ-ի իրենց գործընկերոջ՝ Թուրքիայի վրա»:
«Անվերջանալի աշխարհաքաղաքական հակամարտություններով լի աշխարհում Ռուսաստանի հաջողությունը պարտություն էր արեւմտյան երկրների համար»,- գրում է հոդվածի հեղինակ Իթան Ռոֆֆեն՝ կարծիք հայտնելով, թե Փաշինյանը դեռ կարող է շտկել իրավիճակը:
«Նա արդեն փորձել էր սաբոտաժի ենթարկել եռակողմ համաձայնությունը՝ հրաժարվելով զինված ջոկատները հակամարտության գոտուց հանելուց: Ադրբեջանցիները մի քանի հարյուր հայի գերեվարեցին: Հայաստանում տիրող քաոսը ուժգնացնում է համաձայնության խզման վտանգը:
Ռուսաստանյան սահմանների մոտ բախումներն, անշուշտ, ձեռնտու կլինեին նրանց, ովքեր ձգտում են թուլացնել այդ աշխարհաքաղաքական մրցակցին: Սակայն կատարվածից հետո ի վիճակի կլինե՞ն արդյոք ԱՄՆ-ն ու Եվրոպան վերանվաճելու հայերի վստահությունը: Արդյոք ի զորո՞ւ են նրանք կայունացնելու իրավիճակը Հայաստանում, որպեսզի վերջինս դառնա իրավամբ հուսալի գործընկեր, այլ ոչ թե մշտապես ֆինանսկան օգնություն մուրացող:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը