Աբովյան փողոցի վերնամասում է գտնվում «Հրանտ Մաթեւոսյան» թանգարան-կենտրոնի նորակառույց շենքը: Մաթեւոսյանի գրական ժառանգությունը պատշաճ պահպանելու, հանրահռչակելու համար դեռեւս երեք տարի առաջ հիմնադրվեց շենքը, բայց մինչ օրս չի գործում:
«Ալիք մեդիան» զրուցել է Հրանտ Մաթեւոսյանի որդու՝ ռեժիսոր, գրողի անունը կրող մշակութային հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանի հետ՝ պարզելու կենտրոնը գործարկելու ժամկետն ու գործընթացի ձգձգման պատճառները:
Ի սկզբանե հիմնադրամը հրաժարվել էր ավանդական տուն-թանգարանի գաղափարից: «Այն այսօրվա իր գործառույթներով վրիպած հասկացություն է»,- նկատում է Դավիթ Մաթեւոսյանն ու բերում հայաստանյան մի շարք թանգարանների օրինակներ: Նա վստահեցնում է՝ որակյալ ու ժամանակակից թանգարան ունենալու բոլոր հիմքերը կան: Էքսպոզիցիան խոսքն է լինելու իր ամենատարբեր ՝ վիզուալիզացման, գրավոր ու բանավոր խոսքի մատուցման ձեւերով:
Արդեն պատրաստ է նկուղային հարկը՝ նախատեսված բեմական եւ կինո ցուցադրությունների համար։ Առաջին հարկում ժամանակավոր ցուցադրությունների ինտերակտիվ սրահ է լինելու, երկրորդում՝ գրողի կյանքն ու գործունեությունը լուսաբանող մշտական ցուցասրահ, գիտահետազոտական արխիվ, գրադարան-ընթերցասրահ՝ տեսալսողական նյութերի բաժնով, իսկ երրորդը որպես աշխատակազմի վարչական տարածք կծառայի: Կենտրոնը կունենա նաեւ կացարան-արվեստանոց Հայաստան եկած գրողների ու արվեստագետների համար:
Դավիթ Մաթեւոսյանը թանգարանը չգործարկելու մի քանի պատճառներ է նշում. շենքի 3-րդ հարկը բացակայում է, այսինքն՝ տարածքը չի բավարարում մշտական ցուցադրությունների կազմակերպման համար, այգին խիստ անմխիթար վիճակում է, շենքը որեւէ կազմակերպության հաշվեկշռում գրանցված չէ, հստակ չէ կենտրոնի հետագա գործունեության կազմակերպաիրավական ձեւը:
Ամեն ինչ սկսվեց…
«Թանգարան-կենտրոն ունենալու միտքը հղացել է 2003 թվականին՝ գրողի մահից հետո: Լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ու մեր ընտանիքի գաղափարն էր ստեղծել աշխույժ կյանքով ապրող մշակութային կենտրոն, որը Մաթեւոսյանի գրական ժառանգությունը ժամանակին համահունչ կներկայացնի: Գործող իշխանությունների կողմից ոչ ակնհայտ, ոչ ուղղակի դիմադրության հանդիպեցինք,- ասում է Դավիթ Մաթեւոսյանը,- պատճառը, թերեւս, մշակույթի հանդեպ այդպես էլ չհաղթահարվող քամահրանքն էր, ինչու չէ, Հրանտ Մաթեւոսյանի քաղաքացիական դիրքորոշումը, բոլոր իշխանությունների հանդեպ ունեցած քննադատական վերաբերմունքը (ամենալոյալը, թերեւս, Լեւոն Տեր- Պետրոսյանի հանդեպ էր)»:
2015 թվականին գրողի տիկնոջ՝ Վերժինե Մովսիսյանի հետ ունեցած զրույցից հետո նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով ՀՀ Կառավարությունը որոշում կայացրեց պետբյուջեից 50 մլն դրամ հատկացնել թանգարանի շինարարության համար. ընդհանուր ծախսի հաշվարկը 420 մլն դրամ էր: 355 քմ տարածք զբաղեցնող կենտրոնը ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի նախագծով սկսեց կառուցվել 2016 թվականին, 2018-ի իշխանափոխությունից ամիսներ անց շենքը պատրաստ էր, բայց առանց երրորդ հարկի: Երկհարկանի կառույցի վրա նախկին իշխանությունները ծախսեցին 0,5 մլրդ դրամ:
Վիճահարույց երրորդ հարկը
Ըստ Դավիթ Մաթեւոսյանի՝ առանց երրորդ հարկի մշակութային կենտրոն-թանգարանը ոչ միայն ամբողջական չի լինի, այլ նաեւ ֆունկցիոնալ առումով էապես կտուժի: Արտաքինից շենքը, թերեւս, մեծ է թվում, բայց տարածքը ցուցադրությունների համար չի բավականացնում: Էսքիզային փաստաթղթերում շենքն ունեցել է երրորդ հարկի պահանջ: Ֆինանսական մասի հաստատման ժամանակ Քաղաքաշինական կոմիտեն, ավելի ճիշտ՝ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն այն հանել էր նախագծից պետբյուջեի սղության պատճառով: Քաղշինի հետ հետագայում բազմաթիվ քննարկումներն արդյունք չեն տվել, Ռիտա Սարգսյանին դիմելուց հետո միայն կարճ ժամանակում քաղաքապետարանը նախագիծը վերականգնել է:
Բյուրոկրատական քաշքշուկը հեղափոխական Հայաստանում
2018 թվականին երրորդ հարկի անհրաժեշտությունը ստիպված էին կրկին ապացուցել արդեն հեղափոխական կառավարությանը: 2019 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո Դավիթ Մաթեւոսյանը պատրաստել է կենտրոնի էսքիզ հայեցակարգը, որի կարեւոր բաղադրիչը բիզնես պլանի գաղափարն էր:
Մաթեւոսյանն ասում է. «Փաշինյանի տված մանրակրկիտ հանձնարարականը արագ եւ դրական փոփոխության պատրանք ստեղծեց: Շնորհանդեսը կայացավ Մատենադարանում, բայց կառավարության ոչ մի առաջին դեմք ներկա չէր»:
Շնորհանդեսից հետո միայն ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը եղավ կենտրոնում՝ խոստանալով, որ սայլը տեղից կշարժվի, ապա ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը 2020 թվականի փետրվարի 12-ին՝ գրողի հոբելյանի օրը, հավաստիացրեց՝ «կենտրոնի երրորդ հարկի նախագիծը կառավարություն է մտել, մինչեւ տարեվերջ շենքը կկառուցվի»: Հանձնարարականն առայսօր պարզապես անտեսված է:
Չիրականացված այլ խոստումներ
«Բազմիցս առաջարկել ենք շենքը վերցնել հաշվեկշռի վրա, որ անտեր չմնա, շենքի պահպանության ծախսերը հիմնադրամն իր սուղ միջոցներով է հոգում, մենք միայն անվտանգության մեկ աշխատակցի կարող ենք պահել, մի սենյակ ջեռուցել: Քանի ամիս է՝ աշխատանքային խումբը քննարկում է շենքը հաշվեկշռի վրա վերցնելու եւ երրորդ հարկը կառուցելու նախագիծը. քննարկում էին պատերազմի ժամանակ, քննարկում են նաեւ հիմա: Թե ինչու, անհասկանալի է, երբ բոլոր հարցերն ու պատասխանները տրված են»,- կառավարության նման աշխատելաոճը Դավիթ Մաթեւոսյանը ժամավաճառություն ու ապիկարություն է որակում:
Գրականության թավուտներ
Նախատեսված է բարեկարգել շենքի հարեւանությամբ գտնվող զբոսայգին, էնդեմիկ բույսեր տնկել, այգում նորարարական լուծումներով սմարթ-նստարաններ, բացօթյա բեմահարթակ տեղադրել, գրքերի անվճար փոխանակման կետ ստեղծել: Հարեւանությամբ գտնվող Ժողովրդական արվեստի թանգարանի եւ Ազգային գրադարանի հետ համագործակցությամբ մտադիր են ստեղծել թանգարանային-մշակութային կառույցների մեկ ամբողջական համալիր, գրական-մշակութային անկյուն: Նախնական անունն էլ են որոշել՝ «Գրականության զբոսայգի կամ գրականության թավուտներ»: Կառավարության դեռեւս 2005 թվականի որոշման համաձայն՝ Հրանտ Մաթեւոսյանի անունով մայրաքաղաքում փողոց պետք է կոչվի, իրենք առաջարկել են Տերյան ու Աբովյան փողոցները միացնող անանուն փողոցն անվանել Մաթեւոսյանի անունով: Քաղաքապետարանը նախագիծը հավանության է արժանացրել, ստեղծվել է աշխատանքային խումբ, որը դեռեւս չի հստակեցրել զբոսայգու շինարարության ժամկետները:
«Կանք, քանի որ կանք». մշակութային քաղաքականության մասին
…մի քիչ ջանք ինքներս մեզ վրա եւ ընթացքի երկօրյա հեռանկար կամ հեռանկարի թեկուզ պատրանք` եւ տես, թե ինչ շիտակ, արդարամիտ, ինչ քաջ ժողովուրդ է բարձրանալու` իմ որդիների ժողովուրդը: Հրանտ Մաթեւոսյան
«21-րդ դարում ունենք պետություն, որը չունի մշակութային քաղաքականություն, պետական եւ ազգային գաղափարախոսություն, խոսքը հայտարարագրված լոզունգների մասին չէ, այլ կոնկրետ ծրագրի,- ասում է Դավիթ Մաթեւոսյանը:- Եթե հայ քաղաքական գործչին հարցնես՝ որն է գոյության իմաստը, նպատակը, ճամարտակելուց բացի միակ բանը, որին կհանգի, կլինի ինքնանպատակ գոյություն քարշ տալը՝ «կանք, քանի որ կանք»: Վերջին տասնամյակներում ամենաշատը Մաթեւոսյանն է տալիս ազգային գաղափարախոսության, մարտավարության բոլոր բանաձեւերը՝ թե՛ իր գեղարվեստական խոսքով, թե՛ հրապարակախոսական նյութով»:
Դավիթ Մաթեւոսյանի համոզմամբ գրողի հենքը այն խարիսխն է, որից մեր պետականությունը պիտի կառչած լինի, այն առագաստը, որով կարող է ձեւավորվել, առաջ գնալ որպես պետություն»:
Հիմնադրամը դրամահավաք է հայտարարում
«Հաշվի առնելով հետպատերազմական ճգնաժամի խորությունը, դժվար հաղթահարելի մարտահրավերները՝ Դավիթ Մաթեւոսյանն այլեւս հույսեր չի կապում Կառավարության հետ: «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային հիմնադրամի տնօրենը հանգանակության կոչով դիմում է մեկենասներին, հանրությանը: Առաջին փուլում նախատեսված՝ երրորդ հարկի շինարարության համար շուրջ 55 մլն դրամ է անհրաժեշտ: Ցանկացած ներդրում կարեւոր է:
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «Սպանդարյան» մասնաճյուղ
Ստացող՝ «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամ
Ստացողի դրամային հաշվեհամարն է՝ 163048562231
Ստացողի հաշվեհամարն է ռուսական ռուբլիով՝ 163048562264
Ստացողի դոլարային հաշվեհամարն է՝ 163048562256
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։