Իրանում տարեվերջ է (իրանական արեւային տոմարով 1399 թվականի վերջին՝ Էսֆանդ ամիսն է)՝ տարին ամփոփելու ու գալիք կարեւոր իրադարձություններով լի տարվա ծրագրերը նախանշելու ժամանակաշրջան: Հաշվի առնելով ե՛ւ տարածաշրջանի բուռն զարգացումները, ե՛ւ կայանալիք նախագահական ընտրությունները, Իրանի քաղաքական կյանքը նույնպես բուռն շրջան է ապրում։
Ներքաղաքական քննարկումների առանցքն, իհարկե, միջուկային ծրագրին վերադառնալու, ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու հարցերն են։ Պահպանողականները, ինչպես նախորդ տարիներին, հիմա էլ շատ կտրուկ են տրամադրված՝ համարելով, որ քանի դեռ ԱՄՆ-ն ամբողջությամբ չի վերացրել Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները, նրա հետ որեւէ բանակցության մասին խոսք լինել չի կարող։ Սրա մասին մի քանի օր առաջ հայտարարություն տարածեց նաեւ պահպանողականների ներկայացուցիչ Մոհսեն Ռեզային, որին արձագանքեց Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ հիշեցնելով, որ Իրանում հարցի վերաբերյալ տարբեր տեսակետներ կան, բայց պաշտոնական դիրքորոշումը հայտնում է կառավարությունը։
Միջուկային ծրագրի վերագործարկման մասին քննարկումները Արեւմուտքի հետ հարաբերությունների լայն համատեքստի կարեւոր մասն են։ Այդ հարաբերությունների կարգավորումը շարունակում է կարեւոր եւ արդիական լինել բարեփոխականներից կազմված կառավարության համար։ Միաժամանակ, Արեւելքի հետ նոր որակի հարաբերությունները օրակարգային են դարձել ե՛ւ բարեփոխականների, ե՛ւ պահպանողականների համար։
Իրանը Չինաստանի հետ 25 տարվա ռազմավարական ծրագրի հաստատման փուլում է․ նախագահ Ռոհանին արդեն հայտարարել է այն ստորագրելու մասին, առաջիկայում կվավերացվի Մաջլիսի՝ պառլամենտի կողմից։ Ծրագիրը ենթադրում է հսկայական ներդրումային նախագծեր Իրանի մի շարք ռազմավարական ոլորտներում, ինչպես նաեւ Իրանի նավթային ռեսուրսների՝ դեպի Չինաստան արտահանման երկարաժամկետ պայմանավորվածություններ։
Չինաստանի հետ հարաբերությունների սերտացմանը զուգահեռ քայլեր են ձեռնարկվում նաեւ Ռուսաստանի հետ փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ։ Իրանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության նախապատրաստության մասին հայտարարությունը սրա ապացույցն է։ Դրա առնչությամբ մի քանի կարեւոր հանգամանք կարելի է առանձնացնել.
-ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքման պատրաստակամության մասին Իրանը հայտնեց 2018 թվականին՝ անմիջապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն միակողմանիորեն դուրս եկավ միջուկային ծրագրից։ Սա, ըստ էության, պատասխան քայլ էր, դեպի Արեւելք հայացքը թեքելու նախանշան, նախազգուշացում ավելի շատ քաղաքական, քան տնտեսական օգուտների ակնկալիքով։ ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի մասին պայմանագիրը կնքելուն հաջորդած տարիների տնտեսական ցուցանիշները փաստում են, որ ապրանքաշրջանառության աճը Իրանի ու ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ շատ փոքր ցուցանիշ է գրանցել․ այստեղ, իհարկե, իր դերակատարումն ունի նաեւ համաճարակի գործոնը։ Լիիրավ անդամի կարգավիճակի մասին հայտարարությունը եւս տնտեսականից զատ աշխարհաքաղաքական նպատակ է հետապնդում․ ԵԱՏՄ-ին լիիրավ անդամի կարգավիճակով միանալու մասին Իրանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Բայդենի աշխատակազմից միջուկային ծրագրին վերադառնալու մասին հստակ ուղերձներ չունենալուց հետո։ Այսպիսով՝ Իրանն ԱՄՆ-ին դրդում է հնարավոր բանակցությունների վերսկսման ուղղությամբ ավելի արագ քայլեր ձեռնարկելու։ Մյուս կողմից՝ Իրանը ԵԱՏՄ անդամ երկրներից միայն Հայաստանի հետ ունի ցամաքային սահման։ Թուրքիան ու Ադրբեջանը չեն դադարում «Մեղրիի միջանցքի» հավակնությունների մասին հայտարարություններ անելուց, իսկ Իրանը արտգործանախարար Զարիֆի շուրթերով հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է իրենց համար, քանի որ Իրանը չի կարող թույլ տալ քաղաքական սահմանի փոփոխություն իր հյուսիսում։ Այս իրողությունները հաշվի առնելով՝ ԵԱՏՄ-ին միանալու հայտարարությունը կարելի է դիտարկել նաեւ որպես Իրան-Հայաստան ներկա սահմանին հավելյալ կարեւորություն տալու փորձ։ Այդ սահմանին առկա ազատ տնտեսական գոտիներն էլ, որոնք մինչ այժմ ո՛չ ազատ են (գոտու համար նախատեսված հողերը ապօրինաբար սեփականաշնորհված են եղել նախկին պաշտոնյաների կողմից ), ո՛չ էլ տնտեսական (քանի որ կառուցված շինություններում որեւէ տնտեսական գործունեություն չի իրականացվել), կարող են այդպիսին դառնալ իրավական հարցերի կարգավորման ու ԵԱՏՄ-ի հովանու ներքո։
-ԵԱՏՄ-ին միանալու մասին հայտարարությունն արվեց ոչ թե Իրանի կառավարության, այլ Իրանի պառլամենտի խոսնակ, պահպանողական Մահամեդ Բաղեր Ղալիբաֆի կողմից․ սա մի կողմից պահպանողականների՝ Արեւելքն էլ ավելի կարեւորելու եւս մեկ ցուցիչ էր, մյուս կողմից, հաշվի առնելով, որ Ղալիբաֆը հերթական անգամ հնարավոր է առաջադրվի որպես նախագահի թեկնածու, տարածաշրջանում իր դերի կարեւորմանն ուղղված քայլ:
-Մոսկվա կատարած այցի ընթացքում Ղալիբաֆն իր հետ Իրանի հոգեւոր առաջնորդի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակ էր տարել։ Ու թեեւ անձամբ Պուտինին նամակը փոխանցել չստացվեց (ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ կարանտինային երկշաբաթյա մեկուսացումը պահել չցանկանալու պատճառով), բայց փաստն ինքնին ու նաեւ մի քանի օր անց նամակի բովանդակության մասին հաղորդագրությունները շատ կարեւոր էին։ Իրանի հոգեւոր առաջնորդից հյուսիս նամակ ուղարկվել է նաեւ 1989 թվականին․ այաթոլլահ Ռուհոլլահ Խոմեյնին ԽՍՀՄ Գլխավոր քարտուղար Գորբաչովին ուղղված իր նամակում ողջունում էր նրա քայլերը երկրի գաղափարական հիմքերը վերակառուցելու ուղղությամբ ու հորդորում դիտարկել իսլամը՝ որպես կոմունիզմին փոխարինող գաղափարախոսություն, զգուշանալ երկիրը կապիտալիզմի ճիրանները գցելուց։ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում Ալի Խամենեին շեշտել է Իրանի «ո՛չ Արեւմուտք, ո՛չ Արեւելք» քաղաքականության շարունակականության մասին, բայց ընդգծել, որ 21-րդ դարը «լինելու է Ասիայի դար», եւ որ Իրանի հարաբերությունները Մոսկվայի ու Պեկինի հետ կարեւորվելու են միշտ՝ անկախ Արեւմուտքի հետ հարաբերություններից։
Իրանը, այսպիսով, «ո՛չ Արեւելք, ո՛չ Արեւմուտք» հայտարարված քաղաքականության համատեքստում հայացքն ուղղել է Արեւելք ու փորձում է մեծացնել իր դերակատարությունն Ասիայում։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։